Դատարանը վարույթ է ընդունել Արամ Օրբելյանն ընդդեմ Հ1-ի և ԱԱԾ-ի հայցադիմումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության: Այս մասին 24News-ին տեղեկացրեց Արամ Օրբելյանը։

Հայցադիմումը կքննի դատավոր Նաիրա Ավետիսյանը։  

Արամ Օրբելյանը դատարան է դիմել զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալները հերքելու և զրպարտությամբ պատճառված վնասը փոխհատուցելու պահանջով։ Հայցադիմումը դատարան մուտք է եղել մարտի 3-ին և նույն օրը մակագրվել է դատավոր Նաիրա Ավետիսյանին, սակայն դատարանը մարտի 17-ին հետ է վերադարձրել Օրբելյանի ներկայացրած առաջին հայցադիմումը՝ պատճառաբանելով, որ հայցադիմումում բացակայել է Արամ Օրբելյանի ներկայացուցչի հասցեն, այսինքն՝ հայցադիմումը թերի է եղել: 

Մարտի 18-ին Արամ Օրբելյանը ներկայացրել է երկրորդ հայցադիմումն ընդդեմ ԱԱԾ-ի և Հանրային հեռուստաընկերության, որը դատարանը վարույթ է ընդունել:

Նշենք, որ հայցադիմումի պատճառը Հանրային ՀԸ եթերում հեռարձակված ռեպորտաժն է, որտեղ, վկայակոչելով ԱԱԾ-ին, նշվել էր, թե Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է Սահմանադրական դատարան և սա ներկայացվել որպես Հրայր Թովմասյանի քաղաքականացվածության, ոչ օբյեկտիվ լինելու ապացույց։ Արամ Օրբելյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը դատարան ուղարկվելուց հետո ՍԴ-ում չի եղել։ Բացի այդ՝ դիմել էր ԱԱԾ՝ պահանջելով իրեն տրամադրել Հանրային հեռուստաընկերության եթերում հեռարձակված ռեպորտաժի նյութերը։

Սոնա Գրիգորյան