Ուկրաինայից ՀՀ քաղաքացիները կարող են վերադառնալ միայն ապրիլի 5-ին․ դեսպանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News   

Բելավիա

Ուկրաինայում Հայաստանը դեսպանատունը հայտարարել է, որ Ուկրաինայից Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների համար այսօր մնացել է միայն ս․թ․ ապրիլի 5-ին նախատեսված Մինսկ-Երեւան թռիչքից օգտվելու հնարավորությունը։ Ընդ որում՝ այս չվերթի տոմսերն արագ սպառվում են ։

«Դեսպանությունը զգուշացնում է, որ Ուկրաինայից Մինսկի օդանավակայան հասնելը խնդրահարույց է, նաև այն իմաստով, որ ուկրաինա-բելառուսական սահմանը կարելի է անցնել միայն ոտքով՝ գործող սահմանակետերի միջոցով։ Սահմանակետից Մինսկ հասնելը կարող է իրականացվել այդ պահին սահմանի բելառուսական կողմում առկա տրանսպորտով, նաև Բելառուսում բնակվող ձեր ծանոթների, ազգականների, ընկերների օգնությամբ։

Բացի այդ, իրավիճակը փոխվում է ամեն օր․ թե ուկրաինական կողմը կարող է ամբողջությամբ արգելել ելքը երկրից, և թե բելառուսական կողմը կարող է արգելել կամ սահմանափակել մուտքն, մտնողներին ուղարկել 14-օրյա պարտադիր կարանտին, նույնիսկ եթե ձեր ձեռքին «Բելավիա» ավիաընկերության գնված տոմս կա։

Տեղեկացնում ենք նաև, որ այս պահին Կիև-Երևան չարտերային չվերթ կազմակերպելն իրատեսական չէ՝ բավարար քանակությամբ մեկնողներ չլինելու և Ուկրաինայի իշխանությունների կողմից թռիչքներ կազմակերպելու մասով նոր սահմանափակումներ մտցնելու պատճառով (ըստ Ուկրաինայի ՆԳ նախարարի վերջին հայտարարությունների)։

Եթե հնարավորություն ունեք ձեր կեցությունը շարունակելու Ուկրաիանայում, ավելի լավ է սպասել մինչև կարանտինային միջոցառուների ավարտը։ Այլընտրանքն՝ անորոշ արդյունքով ցամաքային ճանապարհ դեպի Մինսկ (օրինակ՝ Կիև-Մինսկ ~ 600կմ)։ Ուկրաինայի տարածքից դուրս գալու դեպքում առկա է չեզոք գոտում մնալու վտանգը, քանի որ ուկարինացի սահմանապահները ետ չեն ընդունելու երկրից դուրս եկած ՀՀ քաղաքացիներին։

ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր կորոշեն օգտվել Մինսկ-Երևան չվերթից, խնդրում ենք պարտադիր տեղեկացնել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժին, երկրից ելքի հետ կապված հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար։

Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Ուկրաինայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով՝ Ուկրաինա-Մինսկ-Երևան ճամփորդության հնարավոր ձախողման համար։

Հետևեք Ուկրաինայի իշխանությունների կողմից սահմանվող համաճարակային անվտանգության և անձնական հիգիենայի կանոններին։
Առողջություն ենք մաղթում բոլորիդ»,- նշված է հաղորդագրության մեջ։