Վիտալի Բալասանյանի գլխավորած կուսակցությանն ընտրությունների արդյունքները չեն գոհացրել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

Արցախ

«Ընտրությունների արդյունքները չեն գոհացրել իհարկե։ Կարող էինք ավելի բարձր ցուցանիշ գրանցել, եթե չլինեին այն բոլոր թերությունները և արատավոր երևույթները, որի մասին ամբողջ քարոզարշավի ընթացքում բազմիցս բարձրացրեց ինչպես կուսակցությունը, այնպես էլ՝ մեր նախագահի թեկնածուն։ Այսօր ունենք այն, ինչ ունենք», - այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց Վիտալի Բալասանյանի գլխավորած «Արդարություն» կուսակցության շտաբի ղեկավար Հակոբ Հակոբյանը։

Շտաբի ղեկավարը, վկայակոչելով կուսակցության մեկ ու կես տարվա գործունեությունը, կուսակցությունն արդեն իսկ կայացած է համարում։
Նրա խոսքով՝ կուսակցության քաղաքական թիմն ունի բոլոր չափանիշները, երիտասարդ քաղաքական թիմ և խիստ գիտակցված անդամներ, սակայն, նրա պնդմամբ, ընտրարշավի ընթացքում օգտագործվեցին ադմինիստրատիվ ռեսուրսներ, ընտրական պրոցեսին ոչ հարիր երևույթներ, ինչի պատճառով կուսակցությունն ավելի համեստ արդյունքներ գրանցեց։ 

«Առաջիկայում ակտիվ գործունեություն ենք իրականացնելու Ազգային Ժողովում, փորձելու ենք նոր քաղաքական մշակույթ մտցնել Արցախի քաղաքական դաշտում և ցույց տալ, թե ինչպես պետք է գործի դասական քաղաքական կուսակցությունը։ Շարունակելու ենք այն ծրագրերի ոգեկոչումը, որն ի սկզբանե նախատեսել էինք և այն ամենը, ինչ քարոզարշավի ժամանակ ներկայացրել ենք մեր ընտրողներին։ Ոչ ոք չի կարողանալու որևիցե խոչընդոտներ առաջացնել», - նշեց շտաբի ղեկավարը։

Հակոբ Հակոբյանը նշեց, որ «Արդարություն» կուսակցությունը ներկայումս քննարկումներ է անցկացնում և սպասում է ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներին։

Սոնա Գրիգորյան

Տեսանյութեր

Live

Լրահոս