Ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է. Արմեն Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

Արմեն Սարգսյան

Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու: Այս մասին նշել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը՝ Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ հղած ուղերձում։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետությունում կայացած համապետական ընտրությունների առթիվ:

Համաշխարհային այս բարդ ժամանակահատվածում տեղի ունեցած ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը կայացել է, նրա պետական մարմիններն ու կառույցները գործում են կազմակերպված ու համակարգված, հասարակությունն ակտիվ է և պատասխանատու:

Արդեն առիթ եմ ունեցել ասելու, որ մարտի 31-ի ընտրություններում հաղթողներ և պարտվողներ չեն լինելու: Արցախը և արցախցիները ևս մեկ անգամ ապացուցեցին ժողովրդավարության ու մարդու իրավունքների սկզբունքների հիման վրա ազատ և անկախ հայրենիք կառուցելու և զարգացնելու իրենց հաստատակամությունը:

Շնորհավորում և արդյունավետ գործունեություն եմ մաղթում բոլոր այն քաղաքական միավորներին, որոնք կձևավորեն Արցախի Ազգային ժողովն՝ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք, «Միասնական հայրենիք» կուսակցություն, Արցախի «Արդարություն» կուսակցություն, ՀՅԴ կուսակցություն և Արցախի ժողովրդավարական կուսակցություն։

Շնորհավորում եմ նաև այն քաղաքական ուժերին, որոնք թեև չեն հաղթահարել ընտրական շեմը, սակայն վստահաբար կշարունակեն իրենց հայրենանվեր գործունեությունն արտախորհրդարանական հարթակում: Միասնականությունը և համախմբվածությունը բոլորիս հաջողության գրավականն են լինելու առաջիկա տարիների ընթացքում:

Շնորհավորում եմ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած թեկնածուներին՝ Արայիկ Հարությունյանին և Մասիս Մայիլյանին: Վստահ եմ, որ արցախցիների վերջնական քվեն ստանալուց հետո նոր նախագահը կձևավորի առողջ քաղաքական և աշխատանքային միջավայր՝ ներգրավելով բոլոր կարող ուժերին:

Շնորհավորում եմ նաև նախագահական ընտրություններին մասնակցած մյուս թեկնածուներին: Համոզված եմ, որ նրանք նույնպես իրենց ողջ ներուժը և կարողությունները կներդնեն ի նպաստ Արցախի զարգացման:

Այս ընտրություններով լիարժեք ուժի մեջ է մտնելու և կգործի Արցախի Հանրապետության Սահմանադրությունը: Նոր ձևավորվող Ազգային ժողովը և կառավարությունը կլծվեն երկրի մայր օրենքում ամրագրված մարդու և քաղաքացու իրավունքների իրագործման, երկրի անվտանգության ապահովման և տնտեսական զարգացման դժվարին ու պատվաբեր գործին:

Ներկայիս բարդ և մարտահրավերներով լի ժամանակներում մեր անելիքները շատ են: Վճռական և հաստատակամ ենք բոլորս՝ Արցախի, Հայաստանի, Սփյուռքի հայությունը: Անվտանգ, հզոր, կայուն և խաղաղ Արցախի ապագան մենք կապահովենք միասնական ու համատեղ ուժերով:

Աստված պահապան Արցախին, Հայաստանին և ամբողջ հայությանը»։