ԵԱՀԿ ԽՎ-ի ամենամյա նստաշրջանը Վանկուվերում չեղյալ է հայտարարվել կորոնավիրուսի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

քաղաքական

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) ամենամյա նստաշրջանը, որը նախատեսվում էր անցկացնել հուլիսի 3-ից 7-ը Կանադայի Վանկուվեր քաղաքում, չեղյալ է հայտարարվել` նոր տիպի կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Համապատասխան մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է կազմակերպության կայքում:

«2020 թվականի ապրիլի 1-ին ԵԱՀԿ ԽՎ անդամներին ուղարկված համատեղ հաղորդագրության մեջ գագաթնաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին եւ կանադական պատվիրակության ղեկավար Հեդի Ֆրայը հայտարարել են, որ 29-րդ ամենամյա նստաշրջանը չեղյալ է հայտարարվել COVID-19 [նոր կորոնավիրուսով պայմանավորված հիվանդություն] համաճարակի պատճառով»,- նշվում է հաղորդագրության մեջ:

29-րդ նստաշրջանի թեման հայտարարվել էր որպես «Վանկուվերից Վլադիվոստոկ տարաձայնությունների հաղթահարումը եւ մարդու անվտանգության կառուցումը»: Կազմակերպիչների խոսքով` կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակից բացի, իրենց որոշման վրա ազդել են «ուղեւորությունների եւ խոշոր միջոցառումների անցկացման սահմանափակումներն ու անորոշությունն առաջիկա ամիսներին»:

Նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը գրանցվել է 2019-ի վերջին Կենտրոնական Չինաստանում եւ տարածվել է աշխարհի երկրների մեծ մասում եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես պանդեմիա: Վերջին տվյալների համաձայն` աշխարհում ավելի քան 850 հազար մարդ է վարակվել, գրանցվել է ավելի քան 42 հազար մահվան դեպք: