Նախագահը դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ քննարկել է կորանավիրուսի դեմ պայքարի մեթոդները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է նոր կորոնավիրուսի համավարակի կանխարգելման և բուժման խնդիրների վերաբերյալ քննարկումները միջազգային գործընկերների, հայ և օտարազգի մասնագետների ու գիտնականների հետ։

Նախագահը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, դոկտոր Էրիկ Էսրաիլյանի հետ:

Էրիկ Էսրաիլյանը նաև ակտիվ հասարակական գործիչ է, Հայկական բարեգործական ընդհանուր միության տնօրենների կենտրոնական խորհրդի անդամ և Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի պրոդյուսերը:

Նախագահ Սարգսյանը և դոկտոր Էսրաիլյանն անդրադարձել են նոր կորոնավիրուսի գլոբալ համավարակի խնդիրներին և Հայաստանում դրա դեմ պայքարի հարցում համագործակցության հնարավորություններին: Նախագահը կարևորել է ստեղծված իրավիճակի հաղթահարման գործում ջանքերի համատեղումը, փորձի փոխանակումն ու փոխօգնությունը: Այս համատեքստում խոսվել է նաև, թե ինչպես կարող են առավել արդյունավետ օգտագործվել բարեգործական ծրագրերի հնարավորությունները Հայաստանում և Սփյուռքում:

Էրիկ Էսրաիլյանը տեղեկացրել է, որ այս տարվա մարտից Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի The Promise Armenian Institute-ի նոր նախագծերից մեկով, որի ղեկավարը պրոֆեսոր Ալինա Դորյանն է, կորոնավիրուսի վարակի բռնկման կանխարգելմանն ուղղված համագործակցություն է սկսվել Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Հանրային առողջապահության դպրոցի և ՀՀ առողջապահության նախարարության միջև: Պրոֆեսոր Դորյանի թիմում ներգրավված են փորձագետներ Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանից և այլ հեղինակավոր հաստատություններից, ովքեր, շնորհիվ The Promise Armenian Institute-ի ջանքերի, աջակցում են Հայաստանին՝ հանրային առողջապահության ռազմավարության մշակման գործում: