Ում է վերաբերում սոցաջակցության 4-րդ միջոցառումը․ նախարարությունը պարզաբանում է․

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News    

սոցապ
 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հարցուպատասխանի ձեւաչափով ներկայացրել է թե ում է վերաբերվում կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 4-րդ միջոցառումը, որքան է կազմում աջակցությունը և ինչպես պետք է այն ստանալ:

1. Ո՞ւմ է վերաբերում Կառավարության այս որոշումը:

Ծրագրով նախատեսված աջակցությունից կարող են օգտվել բոլոր այն քաղաքացիները, որոնց ընտանիքներում կա մինչեւ 14 տարեկան երեխա, որի երկու ծնողները եղել են գրանցված աշխատողներ եւ ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաեւ այն ընտանիքները, որտեղ մինչեւ 14 տարեկան երեխայի ծնողներից մեկն է  եղել գրանցված աշխատող եւ ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ մյուս ծնողը չի աշխատել:

Աջակցություն կարող են ստանալ նաեւ այն քաղաքացիները, ովքեր ունեն մինչեւ 14 տարեկան երեխա, եղել են ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ եւ ազատվել են աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երեխայի մյուս ծնողը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած:

Շահառու կարող է դառնալ նաեւ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են), ով եղել է ԳՐԱՆՑՎԱԾ ԱՇԽԱՏՈՂ եւ ազատվել է աշխատանքից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

Աջակցություն կարող են ստանալ նաեւ աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող այն ծնողները, ովքեր եղել են անհատ ձեռնարկատեր եւ որի գործունեությունը ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ:

2. Կարո՞ղ են արդյոք ծրագրի շահառու դառնալ ՉԳՐԱՆՑՎԱԾ աշխատողները:

Ո՛չ, չեն կարող:

3.  Որքա՞ն է կազմելու պետության կողմից տրամադրվող աջակցությունը:

Աջակցությունը տրամադրվելու է ընտանիքում առկա մինչեւ 14 տարեկան ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ երեխայի համար՝ 100.000-ական դրամի չափով: Գումարը չի հարկվելու:

4. Ի՞նչ ժամանակահատվածի համար է նախատեսված այս աջակցությունը:

Աջակցության տրամադրումը նախատեսված է միանվագ, այիսնքն՝ մեկ անգամ:

5. Կա՞ն արդյոք բացառություններ՝ մինչեւ 14 տարեկան երեխա ունեցող, աշխատող եւ մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված անձանց դեպքում:

Այո, կան: Ծրագրի շահառու չեն կարող հանդիսանալ այն քաղաքացիները, ում՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում  ստացած աշխատավարձը գերազանցում է 500.000 դրամը:

Աջակցություն չեն կարող ստանալ նաեւ այն քաղաքացիները, ովքեր աշխատանքից ազատվելուց հետո անցել են այլ աշխատանքի՝ 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում:

6. Ինչպե՞ս եւ ում պետք է դիմել՝ աջակցության փաթեթից օգտվելու համար:

Դիմելու անհրաժեշտություն չկա: Աջակցության այս միջոցառման շահառուների տվյալները ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն: ՊԵԿ-ի կողմից 2020 թ.-ի մարտի 13-25-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքից ազատված քաղաքացիների վերաբերյալ տեղեկությունները հավաքագրվելու են «Եկամտային հարկի եւ սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքով սահմանված տեղեկատվական բազայից:

7. Ինչպե՞ս եմ ստանալու գումարը:

Գումարը շահառուին վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկային փոխանցման միջոցով: Բանկն ընտրվելու է պատահականության սկզբունքով, սակայն Ձեզ համար ընտրված բանկի եւ գումարի փոխանցման մասին դուք կտեղեկացվեք էլեկտրոնային փոստի միջոցով կամ, դրա բացակայության դեպքում, Ձեր հաշվառման հասցեին ուղարկվող նամակի միջոցով:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Եթե գումարը բանկային հաշվին փոխանցելուց հետո 3 ամիսների ընթացքում շահառուն պահանջ չի ներկայացնում գումարի նկատմամբ, այն վերադարձվում է ՀՀ պետական բյուջե:

Միջոցառման մասին կարճ հոլովակը՝ ԱՅՍՏԵՂ: