Լոռում կա կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք. վարակվածների թիվը հասավ 5-ի. մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

կ

«Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են:

Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս»,- նշել է մարզպետը:

Ղուկասյանը նաև անդրադարձել է Պարետի ցուցումների՝ քաղաքացիների լուրջ չվերաբերվելուն. «Շատ քաղաքացիներ պարզապես չեն ուզում հասկանալ պահի լրջությունը և յուրաքանչյուրն իր հերթին վստահ է, որ վարակը իրեն կամ իր ընտանիքի որևէ անդամի երբևէ չի հասնի: Մինչդեռ վարակից կարող ենք խուսափել միայն այն դեպքում, երբ, որպես օրինապահ քաղաքացիներ, ամենայն ճշգրտությամբ կատարենք բոլոր ցուցումները: Ցավոք, այդպես չէ»:

Մարզպետը նշել է, որ այսօր մարզկենտրոն Վանաձորում ականատես է եղել մարդկանց բազմաթիվ կուտակումների. «Եվս մեկ անգամ կրկնում եմ, ամեն ինչ արվում է միմիայն բոլորիս անվտանգության ապահովման համար»:

«Իրավիճակը մեր մարզում վերահսկվում է տարբեր կառույցների համագործակցված աշխատանքի շնորհիվ:

Կրկին խնդրում և հորդորում եմ՝ հետևել պարետի ցուցումներին տնից դուրս գալով միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Մի վտանգեք Ձեր ու Ձեր հարազատների առողջությունը և կյանքը»,- հավելել է Ղուկասյանը: