Վազգենը ճիշտ էր. այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից. Սասուն Միքայելյանի ուղերձը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

սասուն

Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ուղերձ է հղել Ապրիլյան քառօրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ։ Սասուն Միքայելյանի ուղերձը՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, 2016 թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Թուրք ազերին փորձեց կրկին ուժի միջոցով տիրանալ անկախ Արցախ աշխարհին: Սակայն հայ ազգը, ինչպես 31 տարի առաջ, այդպես էլ այդ օրերին մեկ բռունցք դարձավ և արժանի պատասխան տվեց մոլեգնած թշնամուն:

Մեր երիտասարդ, բայց կայուն բանակը, մեր զինվորներն ու սպաները կյանքի գնով պահեցին իրենց վստահված տարածքները: Ցավոք, հայկական կողմը կորուստներ տվեց, ընդունքեք մեր խորին ցավակցությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքերը հերոսներ ծնող հերոս նահատակների մայրեր, հերոս դաստիարակող հայրեր, հերոս զինվորների հարազատներ, ընկերներ: Մեր խոնարհումը ձեր շիրիմներին ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված քաջ հերոսներ:

Փառք Ձեզ հերոս ծնողներ, Փառք Ձեզ զոհված քաջեր, Քառօրյա պատերազմի գործողություններին մասնակցած քաջ հերոսներ շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար, շնորհակալ ենք Ձեր հայերնասիրության համար, շնորհակալ ենք, որ շարունակում եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն ու նրա արժանի հետեւորդներն եք: Թե Սպարապետն այսօր մեր կողքին լիներ վստահ եմ հպարտանալու էր իր միակ ժառանգով՝ բանակով, երկիրը պահող քաջ հերոսներով: Պատերազմներում կորուստներն անխուսափելի են, բայց այդ օրերին դուք բոլորդ փառքով հաղթեցիք մահին: Փառք մեր բանակին, Փառք Արցախյան ազատամարտի ազատամարտիկներին, երկրապահներին:

Հայրենակիցնե՛ր, երկրապահ կամավորականները ամուր կանգնած են զինվորի կողքին, զինվորի թիկունքին: Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ երկրապահը լինելու է բանակի համար մեկ օգնականը, սահմանապահին ուժ ու կորով տվողը, սահմանապահին աջակցողը: ՀՀ ԵԿՄ վարչությունը միշտ եղել է ու մնալու է իր խոստմանը հավատարիմ, Վազգենի խոսքերին հավատարիմ «Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը կայացած է»:

Վազգենը ճիշտ էր. այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը: Եվ, այո՛, մենք բազմիցս ապացուցել ենք, որ միասնական ենք, և պետք է շարունակենք միասնական լինել, մի բռունցք դառնալ ամեն օր ու պայքարել ոչ միայն կռվի դաշտում, այլ բոլոր բնագավառներում ձգտել հասնել հաջողության հանուն մեր վաղվա պայծառ օրվա:

Փառք ու պատիվ Ձեզ, Արցա՛խ ու Հայաստա՛ն»։