Ինձ ընդունե՛ք որպես ձեր աշխատող ու միջնորդ. պատգամավորի բաց նամակը՝ համայնքի ղեկավարներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

վարադատ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը բաց նամակ Հայաստանի համայնքների ղեկավարներին:

«Սիրելի՛ ընկերներ, գյուղատնտեսական աշխատանքների սկիզբն է։ Մի տեղում ցորեն ու գարի են ցանում, մեկ այլ տեղում՝ ելակ ու գազար, անասուն են պահում, այգի խնամում կամ ջերմատուն։

Այսօր ժամանակն է, երբ համայնքը կազմակերպվի որպես մեկ տնտեսական միավոր ու լծվի գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպմանը։ Հիմա յուրաքանչյուր համայնքի ղեկավարից է կախված, թե ինչքա՛ն հող կմշակի համայնքի ժողովուրդը։

Հավաքե՛ք մարդկանց, հանե՛ք դաշտերը, պահանջե՛ք կառավարությունից աջակցություն, եթե դրա կարիքը կա։ Կառավարությունը լսում է հիմա ու ձեր կողքն է։ Արդա՛ր եղեք, եթե պետք է բաշխեք ինչ֊որ բան՝ հող, միջոց…

Ինքնակազմակերպվե՛ք։ Մեր փոխարեն ոչ ոք այս գործը չի կարող անել։ Հերթի տա՛կ դրեք տեխնիկան, գտե՛ք սերմացու ու բերե՛ք համայնք, հավաքե՛ք ժողովրդի գումարը ու միանգամից գնե՛ք պարարտանյութ։

Կա՛պ պահեք ԱԺ և Կառավարության հետ, դուք եք գյուղացու հետ առաջինը աշխատող մարդիկ, դու՛ք գիտեք՝ ի՛նչ է պետք, որ մի թիզ հող պարապ չմնա։

Անձամբ ինձ ընդունե՛ք որպես ձեր աշխատող ու միջնորդ։ Ձեզ վրա է այս հարցի ողջ պարտավորությունը։ Ամեն ինչ չէ, որ օրենքով պետք է սահմանվի, օրենքը մեր հավաքական խիղճն է ու մեր պարտավորությունը մեր ժողովրդի ու ապագա սերնդի առջև»,- գրել է նա: