Արևուտ գյուղի դպրոցի երկու աշխատակից աշխատավարձ են ստացել, չներկայանալով աշխատանքի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

Ոստիկանության Թալինի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արևուտ գյուղի հիմնական դպրոցի աշխատակիցներից երկուսը 2017 և 2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներով բացակայել են Հայստանից և աշխատանքի չեն ներկայացել, սակայն դպրոցի համապատասխան պաշտոնատար անձինք, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, աշխատաժամանակի հաշվարկի անձնական տեղեկագրերում կեղծ տեղեկություններ են մտցրել, որոնց հիման վրա աշխատանքի չեկած անձինք աշխատավարձեր են ստացել։ Ապօրինությունների հետևանքով դուրս է գրվել մի քանի հարյուր հազար դրամ։

Դեպքի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում քրեական գործ է հարուցվել յուրացման կամ վատնման և պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Քննչական կեմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն։