Դերասանները կորոնավիրուսի պայմաններում 1-ամսյա փաթեթներ են տանում տարեցներին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունից հետո «Հայ տարեց» ծրագրի կամավորներն ամեն օր սննդի և այլ իրերով լցված փաթեթներով այցելում են միայնակ ապրող տարեցներին։ Պարենային փաթեթները մեկ հոգու և մեկ ամսվա համար են, որպեսզի խոցելի խմբում գտնվող տատիկ-պապիկները մնան տանը։ 

«Հայ տարեց» ծրագիրը նախաձեռնել է «ՀԱՅ» ասոցիացիան։ Ծրագրի հիմնական նպատակն է՝ կանխարգելել կորոնավիրուսի տարածումը տարեցների շրջանում:
Ծրագրի համակարգող Լանա Հովհաննիսյանի խոսքով՝ փաթեթներում կա այն ամենն, ինչ անհրաժեշտ կլինի տարեցներին մեկ ամիս տնից դուրս չգալու համար։ 

Տանն ինքնամեկուսանալու փոխարեն տարբեր դերասաններ ևս միացել են «Հայ տարեց» նախաձեռնությանը։ Այս անգամ կամավորական աշխատանքներին մասնակցում էին դերասան Հայկ Պետրոսյանը, Անդրանիկ Հարությունյանը և Արմեն Վարդանյանը։ Դերասանների խոսքով՝ տարեցների ուրախությունը մեծ է լինում, հուզմունքը՝ շատ։ 

«ՀԱՅ» ասոցիացիայի հիմնադիր Տիգրան Հակոբյանի խոսքով՝ նախագծի շարժիչ ուժը իրականացվող հանգանակություններն են, կամավորական ուժի պակաս էլ չունեն։ Գործակցում են նաև Երևանի քաղաքապետարանի և աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության հետ։ 

Փաթեթները մի քանի ժամ պատրաստելուց հետո, ըստ հաշվառման ցուցակների կամավորները շրջում են տարբեր վարչական շրջաններով և հյուրընկալվում տարեցներին։ 

Նախագծին միացել են ավելի քան 400 կամավորներ։ Արդեն 1000 -ից ավելի տարեցներ ապահովվել են մեկամսյա պարենով։

Սոնա Գրիգորյան