Ավստրալացի պատգամավորը Արցախին շնորհավորելու պատճառով հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

maq

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը Արցախի ժողովրդին նախագահական ընտրությունների առթիվ թվիթերյան միկրոբլոգում շնորհավորելուց հետո հայտնվել է ադրբեջանական «սև ցուցակում»:

«Շնորհավորում եմ Արցախի Հայկական Հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Ընտրություններում քվեարկել և իր ժողովրդավարական իրավունքներն է օգտագործել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ին երկրորդ քվեարկության ժամանակ:

Ավտորիտար ռեժիմների և բռնապետությունների տարածաշրջանում հրաշալի է տեսնել բարգավաճող ժողովրդավարություն:

Շնորհավորում ենք Արցախի ազատ մարդկանց»,- գրել է ՄաքԴերմոթը:

Ավելի ուշ նա ևս մեկ թվիթ էր արել՝ տեղեկացնելով, որ «ազատ և ժողովրդավար Արցախին աջակցելու պատճառով հայտնվել է ադրբեջանական ավտորիտար ռեժիմի «սև ցուցակում»:

«Միանում եմ հարյուրավոր պատգամավորներին, որոնք սիրում են ժողովրդավարությունը, լրագրողներին, գիտնականներին և իրավապաշտպաններին: Ինչպիսի պատիվ»,- գրել է նա՝ հղում տալով Ադրբեջանի «սև ցուցակին»: