Որդեգրման գործընթացում չարաշահումների հաղորդումներով 14 քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News     

դատախազություն

Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020 թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ:

Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ հանցագործության մասին վկայող փաստական տվյալների կապակցությամբ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 169-րդ հոդվածով, 200-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ ՔԳՎ-ում:

Դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու համար կատարվել և կատարվում են մեծ ծավալի քննչական, դատավարական գործողություններ: Նախաքննության ընթացքում հարցաքննվել են վերջին տարիների ընթացքում արտերկիր որդեգրված երեխաների երկու տասնյակից ավել կենսաբանական ծնողներ և նրանց հարազատներ, որոնց մեծամասնությունը նշել են, որ երեխաների նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարվել են ծննդատան բուժանձնակազմի կողմից ցուցաբերված խաբեության, շանտաժի և սպառնալիքի ազդեցության արդյունքում:

Պարզվել է, որ վերոոնշյալ երեխաները որդեգրվել են օտարերկրյա մի շարք պետությունների քաղաքացիների կողմից:

Նախաքննության ընթացքում ստացվել են նախկին տարիներին ծննդաբերած շուրջ 200 մայրերի և նրանց հարազատների դիմումներ: Նրանցից մի քանի տասնյակը հարցաքննվել են, հաղորդումների մեծ մասը կցվել է վերոնշյալ քրեական գործին, այսինքն դիմումներում նշված հանգամանքները ևս դարձել և դառնում են քննության առարկա:

ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է երեխաներին ծնողներից առանց նրանց համաձայնության բաժանելու և առուվաճառքի նոր դեպքեր: Ուստի քրեական գործի նյութերով հարուցվել է 2 քրեական գործ, որից մեկը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով, մյուսը՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նշված քրեական գործերը միացվել են մայր գործին։

Բացի այդ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ստացվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ նույնատիպ հանգամանքների փաստով հարուցված 1 քրեական գործ, որն ընդունվել է վարույթ և կատարվում է նախաքննություն։

Քրեական գործի հարուցումից հետո, 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել նաև  ԶԼՄ-ներում հրապարակված 2 հոդվածներ, որոնք ուղարկվել են ՀՀ ոստիկանություն:

Արդյունքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչությունում նույնատիպ հանգամանքների փաստերով հարուցվել է թվով 3 քրեական գործ, որից 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի և 314-րդ հոդվածի և 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Իսկ ստացված մեկ գրությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ:

Բացի վերոնշյալը, ՀՀ դատախազություն են ստացվել և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչություն են ուղարկվել ևս 3 դիմում և 6 ԶԼՄ-ներում հրապարակված հոդվածներ: Դրանցից 4-ի հիման վրա նախապատրաստված նյութերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում 4-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Իսկ մնացած 5-ի վերաբերյալ ներկայացված փաստերը ստուգվում են քրեական գործերի նախաքննության շրջանակներում։

Բացի այդ, ինչպես անմիջական, այնպես էլ ՀՀ գլխավոր դատախազության միջոցով 28 դիմում ուղարկվել է ՀՀ ոստիկանության Էրեբունու, Կենտրոնականի և Մաշտոցի բաժիններ, որից 2-ի հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործ հարուցելը մերժվել է, 2-ով ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, որոնցով նախաքննությունը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում, 18-ն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչություն՝ 2019թ. հոկտեմբերի 26-ին հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա դարձնելու համար, իսկ մնացած 6 դիմումներում նշված փաստերը ստուգելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են։

Իսկ քաղաքացու կողմից ՀՀ գլխավոր դատախազություն ստացված՝ երեխային բաժանելու վերաբերյալ մեկ դիմում-բողոքի քննարկման արդյունքնում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի որոշմամբ վերացվել է դեռևս 2015թ. այդ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հանցադեպի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը և հարուցվել է քրեական գործ, որն ուղակվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու համար:  

ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում քննվող՝ որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ 1 քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Քրեական գործով իրականացվում են ակտիվ և լայնածավալ  քննչական, այլ դատավարական և օպերատիվ-հետախուզական գործողություններ: Առանձին գործերով նշանակվել և իրականացվել են դատագենետիկական փորձաքննություններ, որոնք եզարակացությունների արդյունքում կայացվել են դատավարական որոշումներ: 

ՀՀ գլխավոր դատախազը իրականացված որդեգրումների պրոցեսում հնարավոր ապօրինությունները, դեպքերի իրական հանգամանքները, բացահայտված հանցավոր սխեմայում այլ անձանց հնարավոր ներգրավվածությունը, ինչպես նաև քրեական գործերի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է հասցեագրել ՀՀ ԱԱԾ տնօրենին։