Գևորգ Լոռեցյանը կշարունակի կալանավորված մնալ. պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

իրավական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախկին փոխնախարար Գևորգ Լոռեցյան կալանավորման ժամկետը երկարաձգվել է։ Այդ մասին 24News-ին տեղեկացրեց Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը։ 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մարտի 26-ին բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել ևս 2 ամսով երկարաձգել Լոռեցյանի կալանավորման ժամկետը:

Լոռեցյանի պաշտպան Լևոն Սահակյանը տեղեկացրեց, որ ապրիլի 2-ին դատարանի որոշման դեմ էլեկտրոնային եղանակով վերաքննիչ բողոք է ներկայացրել: Նրա խոսքով՝ որոշման հիմքում քննությունից խուսափելու, ապօրինի ազդեցություն գործադրելու վերաբերյալ ստանդարտ ձեւակերպումներ են եղել։ Իսկ բողոքի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը չցանկացավ հայտնել։ 
 
«Հաշվի առնելով արտակարգ դրության ներկայիս պայմանները, երբ արտաքին աշխարհի հետ ընդհանրապես խզվել է կապը, ես նույնպես նրան չեմ կարողանում այցելել, այդ իսկ պատճառով բողոք ենք ներկայացրել նաև դատախազություն, որպեսզի Լոռեցյանի հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելանքը վերացվի», - տեղեկացրեց պաշտպանը՝ հավելելով, որ սրա վերաբերյալ դիմել էին նաև քննիչին, սակայն իրենց համար զարմանալի կերպով մերժում են ստացել։ 

Լոռեցյանի պաշտպանը նշեց, որ դատախազությունից դեռևս որոշում չեն ստացել, քանի որ այս բողոքը ևս երեկ՝ ապրիլի 2-ին են ուղարկել։ 

Հիշեցնենք, որ Գևորգ Լոռեցյանին մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Ըստ ԱԱԾ-ի՝ ԿԳՄՍ նախկին փոխնախարարը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի և մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն ցուցաբերելով տնտեսվարողներից մեկին, վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել դրա դիմաց ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք: Նա կալանքի տակ է 2019 թվականի դեկտեմբերից: