42 մեկուսարան,14 անքուն գիշեր, 3 հերթով աշխատանք․ Արսեն Թորոսյանին ասել էի՝ կստացվի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News 

հասարակական

Ապրիլի 2-ին առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրեց, որ արդեն կառուցվել են այն 42 սպասասենյակները, որոնք կասկածվող վարակակիրների համար որպես մեկուսարան կծառայեն։ 

Մոդուլային եղանակով պատրաստված շինության կառուցումն իրականացրել է «Artcon» ընկերությունը։ Ընկերության ղեկավար Թերեզա Կարապետյանը 24News-ի հետ զրույցում ներկայացրել է կառուցման աշխատանքների մանրամասները։  

«Երեկոյան ժամը 10-ին շտապ կանչեցին առողջապահության նախարարությունից, ասացին, որ պետք է մեկուսարան կառուցվի, ժամկետը 1 շաբաթ էր սահմանված, բայց տեխնոլոգիապես հնարավոր չէր մեկ շաբաթում կառուցել, քանի որ Հայաստանում չկար նման կառույց, ստիպված էինք զրոյից նախագծել, հետո պատրաստել», - պատմեց Թերեզան և ընգծեց, որ իրականում 14 օրում են կառուցվել սենյակները։

Խոսելով կառուցման աշխատանքների դժվարությունների մասին՝ ընկերության տնօրենը նշեց․
«14 անքուն գիշեր ենք անցկացրել, որից 4 օրը միայն հիմքային աշխատանքներին էինք հատկացրել։ Սենյակները հենց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բակում են կառուցվել, ինչը շատ բարդ ռելիեֆային տարածք էր։ 8 օր գործարանում ենք աշխատել օրուգիշեր, 3 հերթով։ Բայց հասցրինք, պատասխանատվությունը մեծ էր, պարոն Թորոսյանին ասել էի՝ կլինի։ Մարդկանց 90 տոկոսը վախենում էր օգնել մեզ, երբ լսում էր՝ «Նորք»-ի ինֆեկցիոն», ասում էին՝ չենք գա այդտեղ աշխատի, ձեզ հետ չենք աշխատի, շփվել եք հիվանդանոցի մարդկանց հետ, բայց մյուսները համախմբված աշխատում էին, չէր էլ զգացվում, որ չենք քնում, սոված ենք, բոլորը իրար պատրաստ էին օգնել», - նշեց նա։

Անդրադառնալով 42 մեկուսարաններին՝ Թերեզա Կարապետյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր սենյակ մեկ պացիենտի համար է նախատեսված, ունի մեկ մահճակալ, բայց սենյակները ստացիոնար չեն։ Մարդիկ այնտեղ անցկացնելու են 7-8 ժամ, որի ընթացքում թեստավորվելու են, եթե բացասական լինի պատասխանը, դուրս կգրվեն, եթե դրական՝ կտեղափոխվեն ստացիոնար հիվանդանոց։ 
«Բոլոր սենյակները և՛ ներսից, և՛ դրսից դուռ ունեն։ Կասկածվող պացիենտը մեկուսարան դրսի դռնով է մտնելու, դրսի մուտքից էլ դուրս է գալու։ Ներսի դռնից միայն մտնելու իրավունք ունի բժիշկը։ Առանձին մեկուսարանները լրիվ ապահովում են, որպեսզի այն մարդը, որը վարակված չէ, չմտնի հիվանդանոց և որևէ այլ պատճառով չվարակվի։ Սենյակներում կան փոքր պահարաններ՝ իրերի համար, լույս, վարդակներ լիցքավորելու համար, տաքացուցիչ, նաև հեռուստացույցներ են տեղադրվելու սենյակներում, որպեսզի ժամանակը ավելի հեշտ անցնի սենյակում գտնվողների համար», - մանրամասնեց նա։

հասարակական
հասարակական

 

հասարակական
հասարակական

 

հասարակական
հասարակական

 

հասարակական
Սոնա Գրիգորյան 

Տեսանյութեր

Live

Լրահոս