Լուսավոր Հայաստանի պատգամավորները շարունակում են իրենց ամոթալի պոպուլիզմը. Ռուբինյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

ռուբինյան

«ԼՀԿ պատգամավորները հիմա էլ հարցեր են ուղղել Հայաստանում գործող երեք օպերատորներին և ստացել պատասխաններ, որոնց համաձայն օպերատորները պնդում են, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղորոշումը հնարավոր է մոտ 100 մետրի շեղմամբ, այսինքն ոչ լիակատար ճշգրիտ»։ Այս մասին ֆեսյբուքյան էջում գրառում է կատարել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:

«Սա Լուսավոր Հայաստանը ներկայացնում է որպես բացահայտում ու եզրակացնում է, որ մեր կողմից ընդունված օրենսդրական փաթեթը այլ նպատակի է ծառայում։

Բայց եթե նրանք այսքան անտաղանդ պոպուլիստ չլինեին, թերևս կհիշեին, որ այն մասին, որ հեռախոսով տեղորոշումը հնարավոր է միայն 100-150 մետր շեղմամբ ԱԺ ամբիոնից հայտնի նիստի ժամանակ խոսվել է տասնյակ անգամներ, և հենց սա է եղել գլխավոր հիմնավորումն այն բանի, թե ինչու է անհրաժեշտ նաև ֆիքսել հեռախոսազանգերի փաստը (ոչ բովանդակությունը), քանի որ միայն մոտավոր տեղորոշման և հեռախոսազանգի փաստի համակցումն է, որ կարող է հանգեցնել պոտենցիալ կոնտակտավորի հայտնաբերմանը: Անհարմար բան ստացվեց, իրոք»: