Շրջակա միջավայրի նախարարության օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

թաթոյան

«Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ Շրջակա միջավայրի նախարարության մշակած տեղեկատվության ազատության ոլորտին վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր»։ Այս մասին ասվում է ՄԻՊ գրասենյակի տարածած հայտարարությունում։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ օրինագիծը չի արտացոլում «Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության մատչելիության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» 1998 թվականի Օրհուսի կոնվենցիայի դրույթների իրական բովանդակությունը և գործնականում կարող է առաջ բերել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհիմն մերժման ռիսկեր:

Պաշտպանը կարևորում է այս ոլորտում տեղեկատվության ազատության երաշխավորումը և դրանով պայմանավորված քաղաքացիական վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է օրենքի նախագիծը միջազգային չափանիշներին համապատասխանեցման տեսանկյունից, որի արդյունքները կներկայացվեն Ազգային ժողով»։