Հեռախոսազանգերի հավաքագրումը սահմանափակում է անձնական կյանքի  իրավունքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 3, 24News

․

 

«Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին օրինագծերին: 

Ըստ հայտարարության՝ այս լրացումները ՀՀ իշխանություններին շատ լայն հնարավորություններ են տալիս բջջային հեռախոսների տվյալները կորոնավիրուսի դեպքերի բացահայտման նպատակով օգտագործելու համար: 

«Ընդունված լրացումները սահմանափակում են մարդու մասնավոր կյանքի գաղտնիության իրավունքը և իշխանություններին հասանելի են դարձնում վարակված անձանց մասին գաղտնի բժշկական տեղեկատվությունը։

Հայաստանի կառավարությունը բախվել է հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակի և տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում առողջության հետ կապված հաղորդագրութուններ ուղղարկելու և առողջապահության ոլորտի հասանելիությունն ապահովելու հարցում, սակայն ՀՀ իշխանությունները պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն կապված այն միջոցների հետ, որոնց կիրառումը կարող է խախտել մարդու իրավունքները», - նշել է կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Գեորգի Գոգիան:

Հայտարարության մեջ ասվում է նաև, որ չնայած կառավարության պնդումներին, թե հեռախոսային խոսակցությունների բովանդակությունը հասանելի չի լինելու, հավաքագրված տեղեկատվությունը կարող է պարունակել անձնական տվյալներ, տվյալներ գտնվելու վայրի, ինչպես նաև՝ անձի վարքագծի և գործողությունների մասին։

«Թեև սահմանափակումները պանդեմիայի պայմաններում կարող են թույլատրելի լինել, կառավարությունը պետք է ապահովի, որ դրանք լինեն օրինական, անհրաժեշտ և համաչափ», - ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունից նաև նշել են, որ ըստ օրենքի՝ ամբողջ հավաքագրված տեղեկատվությունը ոչնչացվելու է արտակարգ դրության ավարտից հետո։

«Սակայն, կառավարությունը պետք է խստորեն սահմանափակի հեռախոսազանգերի մասին տեղեկատվության հավաքագրումը, հավաքագրված տեղեկատվությունը կիրառելու նպատակներն ու այն պաշտոնատար անձանց, որոնք կարող են հասանելիություն ստանալ նման տեղեկատվությանը: Քաղաքացիները պետք է նաև հստակ տեղեկացված լինեն, թե երբ են հավաքագրվել իրենց մասին տվյալները: Կառավարությունը պետք է անվտանգության խիստ միջոցառումներ ձեռնարկի այդ տեղեկատվության արտահոսքի վտանգը նվազագույնի հասցնելու համար», - ասվում է հայտարարության մեջ։

Կազմակերպությունից նաև ընդգծել են, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ևս իր մտահոգություններն է հայտնել՝ շեշտելով, որ օրենքի մեջ բացակայում են մարդու իրավունքների համարժեք երաշխիքներ։

«Մինչ այժմ Հայաստանի իշխանությունները հարգել են կորոնավիրուսով վարակվածների իրավունքները», - ասել է Գոգիան՝ ավելացնելով, որ այժմ ՀՀ իշխանությունները պետք է բացատրեն՝ ինչպես են շարունակելու նույնկերպ և ինչպես են ապահովելու, որպեսզի այս միջոցների կիրառումը չխախտի մարդու իրավունքները: