Կառավարության մարտահրավերը տնտեսական բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

փաշինյան

«Կորոնավիրուսի համաճարակը ամբողջ աշխարհում բերել է տնտեսական և սոցիալական բարդություններ, և կառավարությունների ամենամեծ մարտահրավերը այդ բարդություններից բխող անհրաժեշտ որոշում կայացնելն է»: Այս մասին կառավարությունում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքին վերաբերող խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսել է կառավարության՝ հակաճգնաժամային 9 միջոցառումների ծրագրերից, որոնցից հինգը սոցիալական բնույթի են: Նա հավելել է, որ այդ միջոցառումները համադարմանի նշանակություն չեն կարող ունենալ. «Չենք կարող պնդել, որ այս պահի դրությամբ կարողացել ենք տեղորոշել բոլոր այն քաղաքացիներին, որոնք ունեն այս պայմաններում աջակցության կարիք»,- նշել է նա՝ հավելելով, որ կառավարության գործունեությունը վերածվել է հակաճգնաժամային օպերատիվ շտաբի գործունեության:

«Մենք գիտենք, որ կորոնավիրուսի բերած հետևանքների պատճառով աշխատաշուկայում շատ լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ պարզաբանելով, որ այսօր կենտրոնացվածություն կա աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ, և կառավարությունը պետք է խթանի աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետը ներկայացրել է նաև կառավարության աշխատանքը. «Այսօր այն երկու հիմնական մասի է բաժանվել, առաջին մասը պարետատան գործունեությունն է, որի առաջ երբեմն իրար հակասող խնդիր է դրված, առաջին՝ վարակի տարածումը կանխելը և երկրորդը՝ օր առաջ պայմաններ ստեղծել, որ հիմնարկներ, ձեռնարկություններ հնարավորություն ունենան աշախտել և ավելի շատ տնտեսական դաշտ բացվի: Երկրորդ ուղղությունը սոցիալական, տնտեսական աջակցության միջոցառումների մշակումն է և կապիտալ ծախսերի խթանումը»:

«Հայաստանում միշտ խրոնիկ ծախսերի թերակատարման պրակտիկա է եղել  բայց նոր իրավիճակում համաճարակային պայմաններում կապիտալ ծախսերի արդյունավետ իրագործումը առանձնահատուկ նշանակություն է ստանում»,- հավելել է նա: Փաշինյանի գնահատմամբ՝ կապիտալ ծախսի չկատարման ամեն տոկոսը աշխատանք չունեցող կոնկրետ մարդիկ և կոնկրետ ընտանիքներ են:

«Մենք սկսում ենք քննարկել մեր վարկային ծրագրերի կատարման ընթացքը, որովհետև այս պահի դրությամբ ՀՀ-ում կա 1 միլիարդ 300 միլիոն դոլարի վարկային միջոցներ, որոնք ծախսված չեն և ամեն ինչ պետք է անենք, որ այդ ծախսերը լինեն արդյունավետ»,- ասել է նա: