Ի տարբերություն Ադրբեջանի ՝ Արցախի ընտրությունները մրցակցային են եղել. Պապոյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

պապոյան

Արցախում մարտի 31-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններին դիտորդական առաքելություն է իրականացրել նաև Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը: 24News-ի հետ զրույցում նա ասաց, որ ընտրությունների ժամանակ եղել է Ստեփանակերտի և Մարտունու մի քանի ընտրատեղամասերում, ինչպես նաև որոշ գյուղերում:
Պապոյանը նշում է, որ Արցախի ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում,  բոլոր թենածուներն էլ հնարավորություն են ունեցել թե՛ ընտրաշավը պատճաշ ձևով կազմակերպելու, թե՛ ընտրական ամբողջ գործընթացին հետևելու: Նա վստահեցնում է, որ դիտորդական առաքելություն իրականացնելիս չեն հայտնաբերել այնպիսի խախտումներ, որոնք ընտրությունների ելքի վրա որևէ կերպ կարող են ազդեցություն ունենալ: 
«Բնակչությունը ոչ միայն մեր պատկերացրածից էր ակտիվ մասնակցում ընտրական գործընթացներին, այլ նաև Արցախում էին նշում, որ այսպիսի ակտիվություն իրենք էլ չէին սպասում: Ի տարբերություն Ադրբեջանում վերջերս տեղի ունեցած ընտրությունների, որոնք, ըստ մամուլի հրապարկումների, խայտառակություն են եղել`  Արցախում իրապես թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններ տեղի ունեցան: Մի գուցե մանր դեպքեր գրանցվել են, բայց, կրկնում եմ, դրանք էական ազդցություն չեն կարող ունենալ: Որպես թափանցիկ արդյունք է նաև այն, որ նախագահի թեկնածու, Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանին ընդամենը 200-300 ձայն չհերիքեց ընտրվելու համար»,- հավելում է մեր զրուցակիցը:
Պատգամավորի տեղեկություններով՝ միջազգային կառույցների որոշ ներկայացուցիչներ, այնուամենայիվ, մասնակցել են արցախյան ընտրություններին, որոնց թիվը, ասում է, քիչ է եղել: Իհարկե, ավելացնում է իմքայլական պատգամավորը, ցանկալի կլիներ, որ բարձր մակարդակով կազմակերպված ընտրությունններին նաև միջազգային դիտորդներ ներկա լինեին ու արձանագրեին, թե Արցախում ինչպես են ընտրություններ կազմակերպում: 
«Իսկ ինչ վերաբերում է միջազգային կառույցների կողմից արվող հայտարարություններին, ապա կարծում եմ, որ ցանկացած երկիր ինքն է որոշում, թե որ ժամանակ ընտրություն կազմակերպի: Կարծում եմ, որ եթե կորոնավիրուսի դեպք չէր արձանագրվել Արցախում, ապա միանգամայն նորմալ էր ընտրությունների կազմակերպումը»,- ամփոփում է նա:

Վրույր Սևակ