COVID-19-ից մահացած տղամարդը Մարալիկից է, վերջին օրերին թաղման արարողության էր մասնակցել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

Մարալիկ

«Կորոնավիրուսից մահացած 68-ամյա տղամարդը, որը Մարալիկի բնակիչ էր, նախորդ օրերին բուժում էր ստացել Գյումրու բուժհաստատություններից մեկում։ Սկզբում նրա մոտ կորոնավիրուս չէր ախտորոշվել, պարզապես առողջական մի շարք խնդիրներ ուներ՝ շաքարային դիաբետ, սիրտթոքային անբավարարություն, սրտի խնդիրներ։ Վերջին օրերի ստուգման արդյունքում է պարզվել, որ կորոնավիրուսով է վարակվել», - այդ մասին 24News-ին տեղեկացրեց Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ տղամարդն ապրում էր կնոջ հետ։ Քիչ և սահմանափակ շփումներ ուներ մյուս բնակիչների հետ։ 

«Ազատ ժամանակ որսորդությամբ էր զբաղվում կամ դաշտերում էր աշխատանքներ անում, որպեսզի կարողանար իր կենցաղը կազմակերպեր», - պատմեց Գևորգյանը։

Համայնքի ղեկավարը նաև նշեց, որ մահացած տղամարդը Երևան է տեղափոխվել այն ժամանակ, երբ կորոնավիրուս է հաստատվել նրա մոտ։ 

«Կինը ևս մեկուսացված է ներկայումս։ Կասկածելի երկու ընտանիք ևս մեկուսացվել է, որոնք շփման եզրեր են ունեցել տղամարդու հետ», - նշեց նա։ 

Արտակ Գևորգյանը նաև նշեց, որ լուրեր են շրջանառվում, թե վերջին օրերին 68-ամյա տղամարդը թաղման արարողության էր մասնակցել, բայց կոնկրետ Մարալիկում 1-2 այդպիսի արարողություն է եղել, որը շատ սահմանափակ է անցկացվել։ 

Անի համայնքի ղեկավարը նաև հավելեց, որ համայնքում ախտահանման գործողություններ են անցկացվում պարբերաբար՝ թե՛ փողոցներում, թե՛ բազմաբնակարան շենքերի շքամուտքերում, նաև հանրային տարբեր տարածքներում։ Նա նաև ուրախությամբ նշեց, որ եղանակը ևս նպաստավոր է․ անձրևի, ձյան տեղումները ստիպում են, որ մարդիկ քիչ դուրս գան տներից և սահմանափակեն իրենց շփումները։

Սոնա Գրիգորյան