Սրմաքեշը վաճառել է «Արարատ» ֆուտբոլային ակումբի հողերը. Արամ Գաբրելյանովն ահազանգում է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

վարդան

Հայկական արմատներով ռուսաստանցի մեդիամենեջեր, «News Media» հոլդինգի նախկին գլխավոր տնօրեն Արամ Գաբրելյանովը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի խնդիրների մասին, քննադատել ակումբի սեփականատեր, հայկական արմատներով շվեյցարացի գործարար Վարդան Սրմաքեշին՝ ներկայացնելով «Արարատ» ֆուտբոլային ակումբում տիրող իրավիճակը:

«Ակումբը վերջին 10 տարիներին համակարգված կերպով մահանում է: Ակումբի սեփականատեր, միլիարդատեր Սրմաքեշն ակտիվորեն պատմում էր, որ ակումբին սպանում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը: Սակայն այդ նախագահը վաղուց չկա...

Անցյալ տարվա ամռանը 3 հայ գործարարներ փաստաթուղթ ստորագրեցին, որ պատրաստ են ֆինանսավորելու ակումբը 5 տարի ժամկետով՝ ամեն տարի հատկացնելով մեկ միլիոն դոլար: Իմ պայմանավորվածությունը Սրմաքեշի հետ այդ մասին էր, սակայն առանց թղթերի, ոչ մի խոսակցություն լինել չի կարող: Ես մեկնեցի Շվեյցարիա երաշխավորող նամակներով և առաջարկեցի ակումբը գրանցել 4 մարդու անունով` 3 գործարարներ և Սրմաքեշ` յուրաքանչյուրին 25% բաժնեմասով: Սրմաքեշը երկար ժամանակ ինձ պատմում էր, թե ինչքան է սիրում Հայաստանն ու «Արարատ» ակումբը, և ասաց, որ պատրաստ է ամեն ինչ լուծել, բայց նախ պետք է իրավաբաններն ուսումնասիրեն գործը: Այդպես էլ պայմանավորվեցինք»,- գրել է Գաբրելյանովը, ապա հավելել, որ 2 շաբաթ անց շվեյցարացին անհետացել է, իսկ ակումբը մնացել է պարտքերի մեջ: Նույնիսկ ֆուտբոլիստների համար մարզաշապիկները չէին բավարարում, համարները պարզապես փակցնում էին հին շապիկների վրա:

«Միայն վերջերս պարզ դարձավ, թե ինչու Սրմաքեշը հրաժարվեց: Ինձ ծանոթ հայ լրագրողների հետաքննությունը ցույց է տվել, որ Սրմաքեշը ոչ ոքի հետ չի կարող միավորվել, քանի որ միանգամից պարզ կդառնա, որ Երևանի հեղինակավոր թաղամասում դեռևս խորհրդային ժամանակներից «Արարատին» պատկանող մոտ40 հեկտար հողը Սրմաքեշը վաղուց ծախել է, և այն ակումբի տրամադրության տակ չէ: Երբ երկրպագուները մեղադրանք ներկայացրին Սրմաքեշին, որ նա Հայաստանի ազգային ժառանգություն «Արարատ» ակումբից գողացել է Դեմիրճյանի և Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կողմից տրված հողը, միլիարդատերը հանգիստ պատասխանեց. «Ով ինձ կարող է բան ասել: Փաշինյանն ու նրա կինը գալիս են ինձ մոտ ու հանգստանում են Շվեյցարիայում»: 

Կարծում եմ՝ Հայաստանի լրագրողները կարող են հետաքննություն անել ու պարզել, թե ինչ է կատարվում ակումբի հետ և ում ձեռքում են Ձորաղբյուրի հողն ու բազան: «Արարատի» միլիոնավոր երկրպագուները պետք է իմանան ճշմարտությունը»,-գրել է Գաբրելյանովը: