2019-ին՝ 65 միլիոն եվրո. Հայաստանին տրամադրվող ԵՄ ֆինանսական աջակցությունը հայտնի է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

եվրո

«Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում նշվում է, որ 2019-ին ավարտվել է ԵՄ-ի կողմից 2018 թվականի գործողությունների ծրագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող 36 միլիոն եվրո դրամաշնորհային 2 համաձայնագրերի ստորագրման և հաստատման գործընթացը:

«Զգալիորեն աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը: Մասնավորապես, 2019 թվականին տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող գումարը կազմել է 40 միլիոն եվրո, որին ավելացել է ևս 25 միլիոն եվրո հովանոցային ֆոնդի շրջանակում՝ կազմելով ընդհանուր առմամբ 65 միլիոն եվրո, որը գրեթե երկու անգամ գերազանցում է 2018 թվականի տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարը:

Նշված դրամաշնորհային 3 համաձայնագրերն արդեն համաձայնեցվել են եվրոպական կողմի հետ, քննարկվել են շահագրգիռ կողմերի միջև և առաջիկայում կստորագրվեն: Քննարկվել և նախանշվել են նաև ԵՄ-ի կողմից 2020 թվականի գործողությունների ծրագրի շրջանակներում ՀՀ-ին տրամադրվող դրամաշնորհի ուղղությունները, որոնց ընդհանուր գումարը ևս կկազմի առնվազն 65 միլիոն եվրո», - ասված է զեկույցում: