2019-ին ԱԱԾ-ի հարուցած քրգործերով վերականգնվել է պետությանը հասցված 3,9 մլրդ դրամի վնասը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News

աած

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 120-ը կամ 24%-ը եղել են կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր, ասված է «Հայաստանի Հանրապետության Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցում:

«Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ:

2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց և քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ:

Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին և անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ։

2019 թվականի ընթացքում ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթում գտնվող քրեական գործերով ձեռնարկված հետևողական միջոցառումների շնորհիվ հաջողվել է ապահովել հանցագործություններով պետությանը պատճառված վնասի աննախադեպ չափերի վերականգնում. վերականգնվել է 4 միլիարդ 353.8 միլիոն դրամ, որը 2018 և 2017 թվականների վերականգնված գումարներից ավելի է շուրջ 133 անգամ: Համեմատության համար անհրաժեշտ է նշել, որ 2019 թվականի ընթացքում վերականգնված գումարը 7 անգամ ավելի է, քան նախորդ 11 տարիների ընթացքում քննված քրեական գործերով վերականգնված գումարը միասին վերցրած, որը կազմել է 597.6 միլիոն դրամ: », - ասված է զեկույցում: