45 օրում Ստամբուլում 2 ինֆեկցիոն հիվանդանոց ենք կառուցելու․ Էրդողան․ Ermenihaber

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News       

Թուրքիա

Թուրքիայում կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ստամբուլ քաղաքում   նախատեսում է 45 օրում 1000-ական մահճակալ ունեցող 2 նոր ինֆեկցիոն հիվանդանոց կառուցել: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ նշելով, որ հիվանդանոցներից մեկը կկառուցվի Ստամբուլի ծայրամասային Սանջաքթեփե շրջանում, իսկ  մյուսը Ստամբուլի նորակառույց օդանավակայանի անմիջական հարևանությամբ: Գրել է Ermenihaber-ը։

Հեռուստակապի միջոցով անցկացրած կառավարության նիստից հետո Էրդողանը կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում կառավարություն ձեռնարկած միջացառումներից որոշ նոր մանրամասներ է հայտնել: Ըստ նրա՝ Թուրքիայում բոլորի համար կա շնչադիմակների բավարար քանակ, որոնք պետք է հասցվեն բոլոր նահանգներ և անվճար բաժանվեն ժողովրդին:  

«Նախորդ շաբաթ կարիքավոր խմբերին ուղղված 1000-ական լիրայի (150 դոլար) օգնություն տրամադրելու մեր որոշման ընդգրկումն ավելացնում ենք, դրանից կօգտվի ևս 2 մլն 300 հազար ընտանիք: Օրավարձով աշխատող, եկամուտ չունեցող քաղաքացիները թող դիմեն նահանգապետարաններ:

Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման և աջակցության կենտրոնից վարկ վերցրած 136 հազար ձեռնարկությունների համար եռամսյա վարկային արձակուրդ ենք տրամադրում»,- ասել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահը նաև տեղեկացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում կարիքավորներին տրվող օգնությունը մեծացնելու նպատակով իր կողմից հայտարարված «Ազգային համերաշխության արշավ» անվանումով դրամահավաք-արշավին արդեն փոխանցվել է 1.5 մլրդ լիրա (մոտ 227 մլն դոլար):