Արցախում կորոնավիրուսով վարակված անձը տեղափոխվել է Հայաստան․ նա 60 տարեկանից բարձր է 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

հիվանդանոց

Արցախում կորոնավիրուսով վարակված անձը 60 տարեկանից բարձր է և գտնվում է հիվանդության ռիսկային խմբում։ «Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին ապրիլի 7–ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը։

«Շտապօգնության մեքենայով տվյալ  անձը տեղափոխվել է Հայաստան։ Նա բուժում կստանա Երևանում։ Անձը 60 տարեկանից բարձր է և որոշակի ռիսկային խմբում է գտնվում»,– ասաց Մարտիրոսյանը։

Արցախում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է ապրիլի 7–ին։ Միրիկ գյուղի բնակիչը Արցախ էր վերադարձել Հայաստանից։ Նրա հետ շփման մեջ եղած 17 անձ մեկուսացվել է։ Ինքնամեկուսացման ցուցում են ստացել Միրիկ գյուղի բոլոր բնակիչները։