Արցախում ապրիլի 14-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 7, 24News     

արցախ

2020 թ. ապրիլի 7-ին անցկացվել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը` հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի նախագահությամբ: Օրակարգում ընդգրկված էր 6 հարց: Այս մասին տեղեկացնում է Արցախի ԿԸՀ-ն։

Հիմք  ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նիստում ամփոփել է 2020թ. մարտի 31-ին անցկացված ԱՀ նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների արդյունքներն ու դրա վերաբերյալ որոշում ընդունել առ այն, որ ընտրությունների նախապատրաստման և քվեարկության ընթացքում տեղի չեն ունեցել ԱՀ ընտրական օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա:

Նիստում քննարկված հարցերի մի մասը վերաբերվում էր Նախագահի ընտրություններին: Մասնավորապես, ղեկավարվելով ԱՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 3-րդ մասով, ԱՀ ընտրական օրենսգրքի 92-րդ հոդվածի 1-ին մասի  2-րդ կետով և 97-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմնվելով ընտրությունների արդյունքների վրա, նիստում որոշվել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացնել ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլ` քվեարկության օրը` ապրիլի 14-ի երեքշաբթին հայտարարելով ոչ աշխատանքային օր:

Նիստում քննարկվել և հաստատվել է ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Համաձայն ժամանակացույցի` նախընտրական քարոզչության սկիզբը 2020թ. ապրիլի 9-ն է:

ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլին մասնակցող թեկնածուների անունների հերթականությունը քվեաթերթիկում որոշելու և նշելու համար նիստում անցկացվել է վիճակահանություն: Արդյունքներով արձանագրվել է, որ քվեաթերթիկում թեկնածուների տվյալները շարադրված կլինեն հետևյալ հաջորդականությամբ` 1. Մայիլյան Մասիս Սամվելի  2. Հարությունյան Արայիկ Վլադիմիրի:

Սահմանվել է նաև ԱՀ նախագահի ընտրությունների երկրորդ փուլի քվեաթերթիկի նմուշը. Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը կլինի սպիտակ, A5 ֆորմատով թղթի վրա` երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանմամբ:

Նիստում քննարկված հարցերի երկրորդ խումբը վերաբերվում էր Ազգային ժողովի ընտրություններին:

ԱՀ ընտրական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին համապատասխան` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  որոշել է  2020թ. մարտի 31-ի համապետական ընտրությունների արդյունքներով ԱՀ      Ազգային ժողովն ընտրված համարել: Ազգային ժողովի պատգամավորական մանդատները բաշխվել են հետևյալ կերպ.

     1) «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակ` տասնվեց  մանդատ,

     2) «Միասնական հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակ` ինը մանդատ,

     3) Արցախի «Արդարություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

     4) «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցության ընտրական ցուցակ` երեք մանդատ,

     5) Արցախի Ժողովրդավարական Կուսակցության ընտրական ցուցակ` երկու մանդատ:

Տեսանյութեր

Live

Լրահոս