Նախկին թվերը ձեր ձեռքի տակ են. եռապատակել եք ԱԺ-ի պարգևավճարները․ Բաբայանը՝ ԱԺ փոխխոսնակին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

արսեն

Իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ֆեյսբուքյան մի մեկնաբանությանը՝ կապված պաշտոնյաների պարգևավճարների հետ:

«ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանն ասում է՝ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով չարքաշ աշխատեն։

Էդ լուր՞ջ եք ասում, տիկի՛ն Նազարյան։

Ես՝ որպես տարիներ շարունակ, ձեր ասած, «չարքաշ աշխատանքը» կատարած մարդ, ասեմ, որ իմ կամ ԱԺ այն ժամանակվա ղեկավարության մտքով անգամ չի անցել, որ կարելի է 30 տոկոս պաշտոնական աղքատություն ունեցող երկրի Ազգային ժողովում ընդամենը մեկ տարում շուրջ 1.5 միլիարդ դրամի պարգևավճար բաժանել։ Իսկ դուք արեցիք դա։ Նախկին թվերը ձեր ձեռքի տակ են, նայեք ու կտեսնեք, որ առնվազն եռապատակել եք ազգային ժողովի կողմից տրամադրվող պարգևավճարների գումարը։

Ոչ մեկի մտքով չէր ացնում, որ 30 տոկոս պաշտոնական աղքատության ունեցող երկրում կարելի է նախարարների աշխատավարձը 800 հազար դրամից դարձնել 1 միլիոն 500 հազար դրամ, փոխնախարարների աշխատավարձը՝ 562 հազարդրամից դարձնել 1 միլիոն 60 հազար դրամ կամ գլխավոր քարտուղարների աշխատավարձը 595 հազար դրամից դարձնել 870 հազար դրամ՝ այն էլ գաղտնի հրամանով։ Բայց դուք արեցիք դա։

Ու սա արեցիք՝ ձեզ նվիրյալներ հռչակելով ու ժողովրդի կյանքը լավացնելու խոստումներով իշխանության գալուց անմիջապես հետո։

Եվ վերջում, տիկի՛ն Նազարյան, ո՞ր պահին հասկացաք, որ «նվիրյալներ չեք», որ ժողովրդին ծառայելու ձեր խոստումները կատարելու համար բարձր աշխատավարձեր պիտի ստանաք ու ինչքա՞ն դեռ պիտի բարձրացնեք ձեր աշխատավարձերը, որ «նվիրյալ դառնաք»։

Մեզ իրական հեղափոխություն է պետք, որը լինելու է...»,-գրել է Արսեն Բաբայանը: