Հայաստանը կսկսի COVID-19-ի թեստեր արտադրել հումք ձեռք բերելուց հետո. $550.000 է հատկացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

կորոնա

ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Արսեն Առաքելյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը Հայաստանում կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու նպատակով նյութեր ձեռք բերելու համար բանակցում է մի շարք երկրների արտադրողների հետ, և որ արտադրությունը կսկսվի նյութերը ձեռք բերելուց հետո: 

Թեստեր ատադրելու համար ՀՀ կառավարությունը Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտին 550 հազար դոլարի չափով հատկացում է արել: Արսեն Առաքելյանը վստահ է, որ ինստիտուտն ունի այդ թեստերն արտադրելու ներուժ:

«Անհրաժեշտ սարքավորումներ կան: Մենք նաև ուսումնասիրում ենք հնարավորությունը՝ որոշակի սարքավորումներ ձեռք բերելու, որոնք անհրաժեշտ չեն, բայց կարող են գործընթացն արագացնել: Աշխատանքային պրոցեսի մեծ մասն անհրաժեշտ նյութերի արտադրողների հետ բանակցություններ վարելն է: Արտադրությունը կսկսվի, երբ համապատասխան նյութերը կարողանանք ձեռք բերել: Բանակցում ենք տարբեր երկրների արտադրողների հետ»,-ասել է Արսեն Առաքելյանը՝ միաժամանակ հավելելով արտադրության մեկնարկի կոնկրետ ժամկետ չի կարող նշել:

Հարցին՝ Հայաստանում արտադրվող թեստերը որակային առումով կտարբերվե՞ն արտասահմանյան թեստերից, Արսեն Առաքելյանը պատասխանել է, որ թեստերը լինելու են նման այն ներկրված թեստերին, որոնք այս պահին կան Հայաստանում:

Ըստ մասնագետի՝ ինստիտուտը ուզում է անել այնպես, որ թեստերը լինեն ավելի մատչելի, քան ձեռք բերվածները, սակայն դեռ վաղ է այդ մասին խոսելը:

Արսեն Առաքելյանը նաև վստահեցնում է, որ արտադրության գործընթացն ընդհանուր առմամաբ բարդ գործընթաց չէ: Այն հիմնված է լինելու արդեն հայտնի տեխնոլոգիայի վրա, որի համար անհրաժեշտ հումքը հնարավոր է ձեռք բերել։ Թեստերը նախատեսված են լինելու պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով ախտորոշման համար, որը գենետիկական հետազոտություն է և ներկայումս ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից օգտագործվում է կորոնավիրուսի ախտորոշման համար։