Վանաձորում դիտավորյալ ոչնչացրել են հիվանդանոցի գույքը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News 

Յուրաքանչյուրիս մանկուց սովորեցրել են, որ գույքը չի կարելի փչացնել, ոչնչացնել` լինի խաղալիք, գիրք, թե դասասեղան, առավել ևս` եթե քոնը չէ, էլ չենք խոսում դիտավորյալ վնասելու մասին...
Հայտնի ճշմարտություններ են, որ հասուն տարիքում, ցավոք, ոմանք մոռանում են ու պատրաստ են հենց այնպես կոտրել զբոսայգու նստարանը, փողոցի լապտերը, հիվանդանոցի ապակին, ծանոթին կամ պետությանը գույքային վնաս պատճառել, եթե այս կամ այն բանն իրենց սրտով չէ:
Օրերս Վանաձորում այդպես էլ եղել էր:

Ապրիլի 1-ին, ժամը 18.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մոտ մեկ ժամ առաջ մի երիտասարդ կոտրել է հիվանդանոցի մուտքի դռան ապակին:

Հաղորդումը ստանալուն պես իրավապահները համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ արարքը կատարել է Լոռու մարզի Լեռնապատ գյուղի 30-ամյա մի բնակիչ: Նա նույն օրը, ժամը 17-ի սահմաններում, մարմնական վնասվածք ստացած դստեր վիրահատության փաստից հուզված և վրդովված` ձեռքով խփել ու կոտրել էր հիվանդանոցի դռան ապակին:

Տղամարդը բաժին հրավիրվեց: Նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նշենք, որ 2020 թվականի ընթացքում բժշկական կենտրոնի դռների և պատուհանների ապակիները ոչնչացնելու 11 նման դեպք է գրանցվել, նույնիսկ այս օրերին, երբ գրեթե ողջ բուժանձնակազմը օր ու գիշեր պայքարում է մահաբեր վիրուսի դեմ:

Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի համաձայն` գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը համարվում է սեփականության դեմ ուղղված հանցագործություն: Բայց մի՞թե հարկադրանքի միջոցներ են պետք գիտակցելու համար, որ չի կարելի կոտրել հիվանդանոցի դռներն ու պատուհանները: Ընդամենն անհրաժեշտ է խնամքով վերաբերվել շրջակա միջավայրին, սիրել սեփական երկիրը և հիշել, որ ագրեսիվ պահվածքը նպատակին հասնելու միջոց չէ: Հույզերը կառավարել է պետք: Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք լուծելու համար սթափ դատողություն, օրինահարգ վարք և զսպվածություն է պահանջվում: