Կարծում եմ՝ ԱԱԾ-ում հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը. Ճաղարյան

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 9, 24News

ճ

ՀՀ վարչապետի արդեն նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ֆեյսբուքում գրառում է արել՝ անդրադառանալով իր՝ ԱԱԾ-ում այսօր տեղի ունեցած հանդիպման մասին: Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Չգիտեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության և անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տևողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը, և իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը: Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձևերն ու օրիական հիմքերը: Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը:

ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները և կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարևորությունը:

Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ»:

Հիշեցնենք, որ այսօր մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը հրավիրվել է ԱԱԾ: