Նախկինում 50 դեպք կար 1 աղբյուրից, հիմա՝ 16-30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրից. նախարար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

Առողջապահության եւ սոցիալական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ եթե նախկինում Հայաստանում օրական հայտնաբերվում էր կորոնավիրուսի 50 դեպք, բայց բոլորը՝ մեկ աղբյուրից, օրինակ՝ մեկ արտադրամասից, ապա հիմա հայտնաբերվում է 16, 20, 30 դեպք, բայց 10-20 տարբեր աղբյուրներից։ 

Նախարարը նաև նշել է, որ դեռ չեն կարող ասել, որ կորոնավիրուսի տարածումը կանգնում է և 100 տոկոս մարում:

«Վիրուսի շրջանառությունը, որպես այդպիսին, դուրս է եկել վերահսկողությունից: Մեր խնդիրն է ամեն հնարավոր դեպք գտնել, անել նույն գործողությունները՝ թեստավորել, հաստատել, մեկուսացնել ամբողջ շրջապատը, բուժել և արդեն առողջացած դուրս թողնել: Դա պետք է անենք այնքան, քանի դեռ ուժ ունենք: Երբ երկրով մեկ, ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ կհասնենք, մենակ թեստավորումն ու բուժումը կթողնենք, մեկուսացում չենք անի, քանի որ անիմաստ կլինի»,-ասել է Արսեն Թորոսյանը: