Դանիելը փաստերի փոխարեն գերադասեց էժան պոպուլիզմը, խոհեմության փոխարեն՝ զազրախոսությունը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

արևիկ

«Իրազեկ քաղաքացիներ» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի անպատասխանատու վարքագծի մասին մեկ անգամ արդեն ստիպված էի բաց նամակով հայտնել ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, սակայն քանի որ ի պատասխան ստացա միայն Իոաննիսյանի կրկին ոչ հարգալից արձագանքը (անկեղծ ասած, նրանից ավելին չէի էլ սպասում), ստիպված եմ նորից հրապակայնորեն բարձրացնել այդ անձի հետ կապված իմ մտահոգությունները: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի Հանրապետական կուսակցության նախագահ Արևիկ Պետրոսյանը:

Դիտորդական առաքելության փոխարեն՝ ցավոք, նա ավելի շատ «հատուկ ջանասիրությամբ» ամեն կերպ փորձեց վարկաբեկել Արցախում տեղի ունեցած համապետական ընտրությունները: Ափսոսանքով եմ արձանագրում, բայց Դանիելը իր այդ գործելաոճով ոչ թե կվաստակի արցախցու հարգանքը, այլ կարժանանա նրա նզովքին, քանի որ, փաստերի փոխարեն, գերադասեց էժանագին պոպուլիզմը, խոհեմության փոխարեն՝ զազրախոսությունը:

Ի՞նչ իրավունքով ես փորձում նսեմացնել արցախցու ընտրությունը, ո՞վ է քեզ իրավունք վերապահել առանց փաստերի իսկությունը ստուգելու, կանխակալ հայտարարություններ անել, իսկ միջազգային լրատվամիջոցին տված քո հարցազրույցն այն մասին, թե իբր Արցախում տեղի ունեցած ընտրությունները իբրև ոչ ժողովրդավարական էին, վերջնականապես բացահայտեց քո թշվառ ու անազնիվ կերպարը: Ադրբեջանի ջրաղացի՞ն ես ջուր լցնում: Ամո՛թ քեզ…

Ես, իհարկե, ներողություն եմ խնդրում հայ հանրությունից իմ հուզական խոսքի համար, բայց որպես Արցախյան պատերազմի դառը հետևանքները սեփական մարմնիս վրա կրող անձ՝ չէի կարող անտարբեր գտնվել սեփական ժողովրդի հանդեպ այսքան անպատասխանատու գտնված մի անձի նկատմամբ, ով կեղծեց, բայց կեղծիքի մեջ մեղադրեց ուրիշին, ով ստեց, սակայն ստախոս անվանեց մի ամբողջ պետական ինստիտուտի: Թո՛ղ ոչ ոք կասկածի տակ չդնի արցախցու կատարած ճիշտ և անաչառ ընտրությունը: Ծախուն ու անբարոյականը նա է, ով կփորձի այդ կերպ վիրավորել հայ ժողովրդի հերոսական մի հատվածի: Մեր ուղին անշեղ է, իսկ մեր մոլորյալ զավակները իրենց ազգին ծառայելու համար միշտ հնարավորություն ունեն…»: