Մարդկանց մի մասը կստուգվի «արագ թեստով». Վրաստանը մշակել է կորոնավիրուսի ստուգման նոր կարգ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

վրաստան

Վրաստանի առողջապահության նախարարությունը հրապարակել է կորոնավիրուսի ստուգման նոր կարգ: Այս մասին հաղորդում է «Ալիք Մեդիան»:

Ըստ նոր կարգի՝ մարդկանց մի մասը ստուգվելու է այսպես կոչված՝ «արագ թեստերով»: Այսպիսի թեստերը նախատեսված են կալանավայրերի, ծերանոցների, նյարդահոգեբանական դիսպանսերների, Պաշտպանության նախարարության ու հոգևորականների համար: Դրական պատասխանի դեպքում՝ անձը կուղարկվի ինքնամեկուսացման ու հավելյալ թեստավորում կանցնի՝ լաբորատորիայում: Արագ թեստավորումը կվերաբերի նաև ռիսկային խմբերին՝ հիվանդացածների հետ կոնտակտներին, բարձր տարածվածության ռիսկ ունեցող գոտիների բնակիչներին, նաև ռազմավարական նշանակությամբ օբյեկտներում աշխատողներին՝ առանց նախանշանների:

Նախանշաններ ունեցող մարդիկ պետք է բժշկի խորհրդատվություն անցնեն, ու նրա նշանակման դեպքում՝ կլինիկայում լիարժեք լաբորատոր թեստավորման դիմեն:

Վրաստանի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ անցկացվել է բուժանձնակազմի նախապատրաստում, բացի այդ յուրաքանչյուր շրջանում բացվել են բարձր ջերմաստիճանով անձանց համար կենտրոններ, որոնք ընդունում են միայն կորոնավիրուսին բնորոշ նախանշաններով պացիենտների:

Բացի այդ՝ Վրաստանի քաղաքացիները կարող են 112 ծառայություն դիմել, որպեսզի ընտանեկան կամ գյուղական բժշկի խորհրդատվություն ստանան: Վարակաբանների խորհրդատվությամբ՝ Վրաստանի 12 քաղաքներում հսկիչ անցակտեր են ստեղծվել, որտեղ ելումուտ անողները ջերմաչափվում են: