Օրավարձով աշխատողները պետք է ստանան աջակցություն. ԲՀԿ-ի երեք փաթեթները՝ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 10, 24News

մելքումյան

«Օրավարձով աշխատող ՀՀ քաղաքացիները միանշանակ պետք է ստանան աջակցություն»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Միքայել Մելքումյանը:

Նա ներկայացրել է ՀՀ կառավարությանն ուղղված ԲՀԿ-ի երեք փաթեթները.

«1. Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հակաճգնաժամային յոթ կետերից բխող աջակցության երեք փաթեթներ են հասցեագրվել Հայաստանի Հանրապետության կառավարությանը, որոնք միտված են կոնկրետ աջակցություն տրամադրել օրավարձով աշխատող Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Կարևորն այստեղ այն է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հստակ ներկայացնում է մեր համաքաղաքացիների աշխատանքը փաստագրող գործիքներ (մեխանիզմներ): Այո, կատարված աշխատանքները կարելի է արձանագրել:

2. Աջակցություն պետք է ստանան նաև տաքսու վարորդները, որոնց գործունեությունն արձանագրվում է տաքսի ծառայությունների էլեկտրոնային համակարգում:

3. Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցություն պետք է տրամադրել առանց «սև ցուցակների», ըստ հարկային և վարկային պարտավորությունների կատարման հերթականության:

Ստորև ներկայացնում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությանը հասցեագրված բնակչության և ՓՄՁ-երի աջակցության «Բարգավաճ Հայաստան» կուսակցության փաթեթների համառոտ տարբերակները.

ՕՐԱՎԱՐՁՈՎ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱՏԱՐԱԾ ԱՆՁԱՆՑ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպված՝ օրավարձով աշխատանք կատարած անձանց:

2. Սույն հավելվածի մեջ օգտագործվող «գրավոր չձևակերպված» հասկացությունն օգտագործվում է ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման իմաստով:

3. Միջոցառման շահառու է հանդիսանում այն անձն ում աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չի ձևակերպվել (այսուհետ՝ շահառու), ով 2019թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, 1 ամիս անընդմեջ օրավարձով տարբեր ոլորտներում իրականացրել է որոշակի աշխատանքներ և հանդիսանում է օրավարձով աշխատավարձ ստացող ընտանիքի միակ աշխատողը:

4. Հայաստանի Հանրապետությունում անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել շահառուի կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտե ներկայացվող տարբեր միջոցներով, օրինակ՝ իր կողմից նախկինում տվյալ կամ այլ գործատուի հետ կնքած քաղաքացիաիրավական պայմանագրի կամ իր կողմից նմանատիպ աշխատանքներ իրականացնելու ունակությունը և փորձը հավաստող այլ պատշաճ իրավական ձևակերպում ստացած փաստաթղթերի, իր կատարած աշխատանքներին վերաբերող՝ գործատուի հետ ունեցած հաղորդագրությունների, միմյանց ուղարկած լուսանկարների ներկայացմամբ և այլ միջոցներով որոնք կփաստագրեն տվյալ անձի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելը:

5. Շահառուի՝ տվյալ գործատուի մոտ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստը կարող է հաստատվել այդ մասին շահառուի ներկայացրած գրավոր հայտարարությունը գործատուի կողմից գրավոր հաստատվելու դեպքում:

6. Շահառուի՝ աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր ձևակերպված չլինելու փաստի հաստատումը կարող է կատարվել նաև ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի N 1214-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված N 1 հավելվածով սահմանված կարգով:

7. Շահառուներին աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով, 2 ամիս ժամկետով:

8. Շահառուին աջակցությունը տրամադրվում է՝ 70 000 դրամի չափով:

«ՍԵՎ ՑՈՒՑԱԿՆԵՐՈՒՄ» ՀԱՅՏՆՎԱԾ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել փոքր ու միջին ձեռնարկություններին (ՓՄՁ), որոնց հարկային և վարկային պատմությունը բարվոք չէ, սակայն բավարարում են ներքոհիշյալ պայմաններին:

2. Միջոցառման շահառու են հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ այն տնտեսվարողները, որոնք անցած 365 օրերի ընթացքում ունեցել են մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային ժամկետանց պարտավորություններ:

3. Աջակցությունը տրամադրվելու է՝ հիմք ընդունելով վարկային և հարկային պարտավորությունների կարգապահությունը՝ հետևյալ հերթականությամբ՝

1) Ռեզիդենտ տնտեսվարողներ, որոնք ունեն ժամկետանց պարտավորություններ՝

ա) մինչև 30 օր հարկային և մինչև 60 օր վարկային

բ) մինչև 60 օր հարկային և մինչև 120 օր վարկային

գ) մինչև 90 օր հարկային և մինչև 180 օր վարկային:

ՄԱՐԴԱՏԱՐ-ՏԱՔՍԻ ԱՎՏՈՄՈԲԻԼՆԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐԱՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող ֆիզիկական անձանց:

2. Միջոցառման շահառու է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը, ով 2020թ. հունվարի 1-ից մինչև 2020թ. մարտի 13-ը՝ ներառյալ, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ է իրականացրել միայն մեկ ավտոմոբիլով:

3. Հայաստանի Հանրապետությունում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնելու փաստը հաստատվում է բջջային հավելվածների միջոցով միջնորդային տաքսի ծառայություններ մատուցող կազմակերպությունների, մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ իրականացնող այլ կազմակերպությունների կողմից տրված տեղեկանքով:

3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:

4. Աջակցությունը տրամադրվում է ֆիզիկական անձին՝ 70 000 դրամի չափով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: