Թուրքիայի ԱԳՆ-ն պարզաբանում է պահանջել ՉԺՀ դեսպանից ՀՀ ուղարկված արկղերի վրա գրվածի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News

պաչկա

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյն արձագանքել է Չինաստանից Հայաստան ուղարկված բժշկական պարագաների արկղերի վրա Արարատ լեռան անունը գրելու փաստին։ Այդ մասին հայտնում է «Ermenihaber»-ը:

Թուրք պաշտոնյան նշել է, որ դա Չինաստանի ղեկավարության նախաձեռնությամբ չի արվել։ Թեմայի վերաբերյալ գրավոր հարցին ի պատասխան` Աքսոյը նախ հիշեցրել է, որ 2 օր առաջ Թուրքիայի արտգործնախարարությունը Չինաստանի դեսպանի, ինչպես նաև Պեկինում իրենց դիվանագիտական կորպուսի միջոցով քայլեր են ձեռնարկել ու պարզաբանումներ պահանջել չինական կողմից։  

«Չինաստանի դեսպանը մեզ տեղեկացրել է, որ Հայաստան ուղարկված օգնությունը հավաքվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից և Երևան է ուղարկվել մի մասնավոր կազմակերպության միջոցով։ Այդ ՏԻՄ ղեկավարության կողմից փաթեթների վրա միայն չինարեն գրություններ են եղել, որնցում Արարատ լեռան մասին չի հիշատակվել։ Մեզ հաղորդվել է, որ Արարատի վերաբերյալ անգլերեն լեզվով արված գրություններն ավելացվել են ավելի ուշ։ Չինաստանի դեսպանը մեզ հայտնել է, որ այս պահին միջադեպն ուսումնասիրվում է և արդյունքների մասին մեզ տեղյակ կպահվի՝ միաժամանակ նշելով, որ Չինաստանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,-ասել է Աքսոյը:

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ պարետատան նախաձեռնած հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան էր ուղարկվել ՀՀ պետական միջոցների հաշվին ձեռքբերված, Չինաստանի պետական մարմինների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների կողմից նվիրաբերած բժշկական պարագաների և սարքավորումների խմբաքանակ։

Չինաստանից Հայաստան եկող օգնության արկղերի վրա գրված էր. «Թող մեր բարեկամությունը լինի ավելի բարձր, քան Արարատ լեռը և ավելի երկար, քան Յանցզի գետը»: