Նախագահի ընտրություն՝ COVID-19-ի պայմաններում. Արցախում քվեարկությունը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արցախ

Արցախում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Թեկնածուները երկուսն են՝ «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը և ԱԳ գործող նախարար, ինքնաառաջադրված թեկնածու Մասիս Մայիլյանը:

Չնայած Մայիլյանը քաղաքացիներին կոչ էր արել կորոնավիրուսի վտանգի պայմաններում չմասնակցել երկրորդ փուլի քվեարկությանը, այդուամենայնիվ, նա ինքնաբացարկ չի հայտնել, բայց տեղեկացրել է, որ քվեարկությանը չի մասնակցելու։

Ինչպես ընտրությունների առաջին, այդպես էլ երկրորդ փուլում նախատեսվում էր հեռուստատեսային բանավեճ, որին այս անգամ ևս Մասիս Մայիլյանը չմասնակցեց: Բոլոր հարցերն ուղղված էին մեկ թեկնածուի՝ Արայիկ Հարությունյանին:  

Նշենք, որ ապրիլի 12-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանը 1 ամիս ժամկետով արտակարգ իրավիճակ մտցնելու հրամանագիր էր ստորագրել, համաձայն որի՝ արգելվում են հավաքները, սակայն որոշումը չէր վերաբերում ընտրությունների երկրորդ փուլի անցկացմանը:

Այսպիսով, Արցախի ընտրությունները կկայանան արտակարգ դրության պայմաններում: Վերջին տվյալների համաձայն՝ Արցախում կա 6 վարակակիր: Դեպքերն ի հայտ են եկել Արցախում կայացած ընտրությունների առաջին փուլից մի քանի օր անց:

Հիշեցնենք, որ համապետական ընտրությունների առաջին փուլը կայացել է մարտի 31-ին, նախագահի թեկնածուներից որևէ մեկին չի հաջողվել ստանալ «50+1 տոկոս» ձայն։ Ամենաշատ քվե ստացած թեկնածուին ընդամենը մի քանի հարյուր ձայն էր պակասում. նա ստացել էր 49,2 տոկոս ձայն: Մասիս Մայիլյանը առաջին փուլում ստացել էր քվեների 26,4 տոկոսը:

արցախ