Թուրք ոստիկաններն ակտիվ գործողություններ են սկսել Իդլիբում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

իդլիբ

Թուրքական ոստիկանության ստորաբաժանումներն առաջին անգամ ակտիվ գործողություններ են իրականացրել Սիրիայի Իդլիբում նահանգում։ Այս մասին գրում է թուրքական «T24» լրատվական կայքը՝ հղում անելով «BBC» թղթակից Մուղիրա ալ-Շարիֆին։ 

Նշվում է, որ թուրք ոստիկաններն Իդլիբում գործողություններ են իրականացրել տեղի ցուցարարների դեմ, որոնք ակցիա են կազմակերպել նահանգով անցնող Հալեպը Միջերկրական ծովին միացնող M-4 մայրուղու երկայնքով ռուս-թուրքական համատեղ պարեկային ծառայության անցկացման դեմ։ Տեղեկացնում է  Ermenihaber-ը։

Ալ-Շարիֆը հաղորդել է, որ թուրքական ոստիկանությունը գործողություններ է կատարել պարեկային ծառայության երթուղու մի մասը փակած ցուցարարներին ցրելու նպատակով և դեպքի վայրից տեսանյութ ու լուսանկար հրապարակել։

Հիշեցնենք, որ Իդլիբում համատեղ պարեկություն իրականացնելու հարցում Մոսկվայի ու Անկարայի միջև համաձայնություն էր ձեռք բերվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ  Թայիփ Էրդողանի` մարտի 5-ին Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարներն Իդլիբում հրադադար հաստատելուց բացի պայմանավորվել էին, որ թուրքական և ռուսական զինվորական ստորաբաժանումները մարտի 15-ից պարեկություն կիրականացնեն M4 մայրուղու Տրումբա (Սարաքիբ շրջանից 2 կմ արևմուտք) - Այն ալ-Հավր հատվածում։