Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդու փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ

 ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 13, 24News      

ю

Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված Դավիթ Մովսիսյանի փաստաբանը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ, մեկ բողոքարկում ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարան եւ մեկ բողոքարկում՝ սանկցիայի երկարացման որոշման վերաբերյալ։ Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Գոռ Գեւորգյանը:

«ՀՔԾ հաղորդում եմ տվել գործով քննիչի ապօրինի գործողությունների դեմ։ Բողոքարկել եմ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի՝ գրավը որպես այլընտրանքային խափանման միջոց միջնորդության մերժելու որոշումը։ Մեկ այլ գրավ եմ միջնորդել, բողոքարկել էի սանկցիայի երկարացման որոշումը։ Իրավական առումով ինչքան տարբերակ կա օգտագործել եմ»,- ասաց Գեւորգյանը։

Փաստաբանն անդրադառնալով համավարակով պայմանավորված՝ դատարանների կողմից կալանավորների խափանման միջոցները փոխելուն՝ ասաց.

«Դատարանները համավարակով պայմանավորված շատ կալանավորների բաց են թողնում։ «Շուշի» ՔԿՀ-ում անգամ փաստաբանների մուտքն են արգելում, որպեսզի համավարակը չտարածում չունենա ու հենց այդ մոտեցմամբ էլ մարդկանց ազատ են արձակում։ Տեսնենք, թե Դավիթ Մովսիսյանի գործով ինչպիսին կլինի պետության եւ դատարանների վերաբերմունքը»։

Հիշեցնենք, որ Արցախում հունվարի 30-ին մահացած զինծառայող Վահրամ Ավագյանի գործով 3 ձերբակալված կա, որոնցից մեկն էլ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) որդին է։