Արցախի 282 ընտրատեղամասերը բաց են. մեկական տեղամաս կա նաև Շուշիի ՔԿՀ-ում և Երևանում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

արց1

Ապրիլի 14-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, բացվել են Արցախի 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում: Եվս մեկ տեղամաս բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։

2020 թվականի ապրիլի 13-ի տվյալների համաձայն՝ Արցախում ընտրողների ընդհանուր թիվը 103.637 է, որից 832 քաղաքացի ընտրություններին կմասնակցի Երևանում ձևավորված ընտրատեղամասում, ևս 1270 քաղաքացի ընդգրկված է լրացուցիչ ցուցակներում:

Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, կոչ է արել արցախցիներին չմասնակցել ապրիլի 14-ի ընտրությանը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը։

Հիշեցնենք, որ այս պահին Արցախում կորոնավիրուսով վարակման 6 դեպք կա, առաջին դեպքը գրանցվել է ընտրությունների առաջին փուլից 1 շաբաթ անց՝ ապրիլի 7-ին, Միրիկ գյուղում: Միրիկի բոլոր բնակիչներն ինքնամեկուսացվել են։ Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է արտակարգ դրությունը, որը, սակայն, չի վերաբերում նախագահական ընտրության անցկացմանը։