«Արցախում ստեղծված իրավիճակը առանձնահատուկ է». Ղուլյանը քվեարկել է հանուն Արցախի ապագայի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

ղուլյան

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը Ստեփանակերտի 1/8 ընտրատեղամասում քվեարկություն է արել, որից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, Աշոտ Ղուլյանն ասել է, որ քվեարկել է հանուն Արցախի ապագայի, որը, իր պատկերացմամբ, լինելու է անվտանգ, ապահով, ժողովրդավարական և կայուն: Այդ մասին գրում է «Արցախպրեսը»:

Անդրադառնալով Արցախում հայտարարված արտակարգ իրավիճակի պայմաններում անցկացվող ընտրություններին՝ Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ ցանկացած իրավիճակում հարցերը ճիշտ իրավական հիմքի վրա լուծելու համար օրենսդրությունը պետք է լինի բազմաֆունկցիոնալ:

«Իրավական հարթության վրա պետք է լինի այնպես, որ յուրաքանչյուր քաղաքացի կարողանա իրականացնել իր ընտրելու, իսկ յուրաքանչյուր թեկնածու՝ նաև իր ընտրվելու իրավունքը: Այս առումով, պետք է նշեմ, որ, կորոնավիրուսի տարածման վտանգով պայմանավորված, այսօր Արցախում ստեղծված իրավիճակը առանձնահատուկ է»,- ասել է ԱԺ նախագահը:

Ղուլյանը նաև նշել է, որ առայժմ վաղ է խոսել իր՝ օրենսդիր համակարգում մնալու կամ գործադիր կառավարման համակարգում աշխատելու մասին:

«Արցախի ժողովրդավարական կուսակցությունը պետք է պատրաստ լինի աշխատել ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածում: Նախընտրական ժամանակահատվածում մենք նույնպես հանդես ենք եկել նախընտրական ծրագրով: Եթե հնարավորություն լինի իրացնելու նախընտրական ծրագրերը, մենք պատրաստ ենք համագործակցության»,- ասել է Ղուլյանը: