Դրական լուր ունեմ, 3-րդ անգամ հանձնված թեստը բացասական է. Գեղարքունիքի մարզպետ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 14, 24News

 

գնել

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի վարակմամբ կասկածվող մարզի բնակչի երրորդ թեստը բացասական է եղել: 

«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ,

Ինչպես երեկ հայտնել էի, կորոնավիրուսով կասկածվող հիվանդին անհրաժեշտություն է առաջացել երրորդ անգամ հետազոտել։

Դրական լուր ունեմ բոլորիս համար` այն ԲԱՑԱՍԱԿԱՆ է։

Մեր պացիենտի բուժսպասարկման հետագա ընթացքը կկատարվի ըստ բժշկական ցուցումների։

Շնորհակալություն եմ հայտնում առողջապահության համակարգի մեր գործընկերներին, այս դեպքում հատկապես Նորք Ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի և Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բուժաշխատողներին, որոնք այս օրերին աշխատում են գերծանրաբեռնված, անձնվիրաբար պայքարում յուրաքանչյուր հիվանդի առողջության և կյանքի համար և ցուցաբերում մասնագիտական բարձր պրոֆեսիոնալիզմ։ 

Շարունակում եմ հորդորել խստորեն հետևել պարետի ցուցումներին, պահպանել հիգիենայի կանոնները, տանից դուրս գալ խիստ կարիքի պարագայում։ 

Եվ հետևե՛ք պաշտոնական լրահոսին։

Առո՛ղջ եղեք»,-գրել է մարզպետը։

Ավելի վաղ լուր էր տարածվել, որ Մարտինիում թոքաբորբով հիվանդ պացիենտի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Նա երկրորդ անգամ էր թետս հանձնել, որը, սակայն, բացասական է եղել: Որոշում էր կայացվել, որ ապահովության համար քաղաքացին պետք է երրորդ անգամ թեստ հանձնի: