Սերժ Սարգսյանի խափանման միջոցը չի վերացվի․ պաշտպանը կբողոքարկի որոշումը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 15, 24News 

քաղաքական

Սերժ Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված երկրից չհեռանալու մասին ստորագրությունը չի վերացվի։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ ապրիլի 13-ին, մերժել է Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու մասին բողոքը: Այդ մասին 24News-ի հետ զրույցում նշեց Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

«Դատարանը բողոքը մերժեց այն պատճառաբանությամբ, որ այն մինչդատական վարույթի վերահսկողության փուլում քննության ենթակա չէ։ Մենք որոշումը դեռ չենք ստացել, բայց դատախազությունը, չգիտես՝ ինչու շատ օպերատիվ, դեռ մենք նիստից դուրս չեկած, արդեն հայտնում է այդ մասին», - նշեց Մակինյանը։

Պաշտպանը հայտնեց, որ դատարանը որոշման օրինական հիմնավորվածություն չի տվել և իրենք բողոք են ներկայացնելու Վճռաբեկ դատարան։

Այն հարցին, թե ըստ նրա՝ ինչո՞ւ է Վերաքննիչն այդպիսի որոշում կայացրել, պաշտպանը պատասխանեց հարցով․ «Իսկ ինչո՞ւ է դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցել։ Բոլորն ունեն այս հարցերի պատասխանները», - նշեց պաշտպանը՝ չցանկանալով մանրամասնել իր խոսքը։ 

Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի պաշտպանները Սարգսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդություն էին ներկայացրել առաջին ատյանի դատարան, ինչը մերժվել էր։ Դատարանի որոշման դեմ պաշտպանները Վերաքննիչ բողոք էին ներկայացրել։

Նշենք, որ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ վատնման եղանակով մոտ կես միլիարդ ՀՀ դրամի հափշտակություն կազմակերպելու համար:

Սոնա Գրիգորյան