Ապօրինի որսի հեղինակը «Խոսրովի անտառ»-ի աշխատակից չէ. հերքում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ  16, 24 News

Խոսրով

«Խոսրովի անտառ» պետական արգելոցը հերքում է, որ ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը  արգելոցի աշխատակից է:

«Ի պատասխան 13.04.2020թ. EcoNews.am կայքի կողմից հրապարակված նյութի. «Թե ի՞նչ կապ ունի ապօրինի որսի սիրահար Էդո Կարապետյան անունով օգտատերը «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի հետ»:
Հայտնում ենք, որ Էդո Կարապետյանը անուն ազգանունով օգտատերը (Էդիկ Կարապետյան), որը սոցիալական կայքերից մեկում հրապարակել էր հոդվածում ներկայացված լուսանկարները՝ ՊՈԱԿ-ի աշխատակից չի և երբևիցե չի հանդիսացել։ Կրած ռենջերի համազգեստը չի համապատասխանում «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համազգեստին: Հետևաբար, կոչ ենք անում զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ճշտել տեղեկություններն ու սույն անհատականությանը չկապել արգելոցի աշխատակազմի հետ։ Նկարում տեսանելի տարբերանշանի առկայությունը ապացույց է, որ վերոհիշյալ անձը արգելոցի աշխատակից չէ։
Միաժամանակ հայտնում ենք, որ որոշ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ լուսանկարները «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում չեն արվել:
Բարձր գնահատելով բնապահպանական ոլորտում լրագրողական գործունեություն ծավալող մեր գործընկերների աշխատանքը, նրանց համարելով շրջակա միջավայրի պահպանության գործում մեր կարևոր դաշնակիցներ՝ խնդրում ենք հարկ եղած դեպքում կապ հաստատել մեր հետ և ճշտել տեղեկությունները, զերծ մնալ ոչ ստույգ տեղեկություններ հրապարակելուց»,- հայտնել են արգելոցից: