Նարեկ Սագսյանը դեղորայք է ընդունում․ կորոնավիրուսի պայմաններում հրաժարվել է հետազոտվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News 

հասարակական

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի պաշտպան Արթուր Պիվազյանը բողոքարկել էր Նարեկ Սարգսյանի նկատմամբ կալանք կիրառելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշման դեմ։ 

24News-ի հետ զրույցում պաշտպանը նշեց, որ բողոքը Վճռաբեկ դատարանը դեռ վարույթ չի ընդունել՝ հավելելով, որ որևէ փաստաթուղթ Վճռաբեկից չեն ստացել։

Արթուր Պիվազյանը տեղեկացրեց, որ Նարեկ Սարգսյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան, ինչը բավարարվել է դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից։ Որոշումը բողոքարկել են Վերաքննիչ դատարան, սակայն պատասխան դեռևս չեն ստացել այդ մասով։ 

Անդրադառանալով համավարակի պայմաններում Նարեկ Սարգսյանի առողջական վիճակին՝ պաշտպանը նշեց, որ Սարգսյանը որոշակի առողջական խնդիրներ ունի․

 «Դեղորայք է ընդունում։ Ցանկանում էինք նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց հետազոտություններ անցնելու նպատակով, բայց Նարեկ Սարգսյանը հրաժարվեց՝կորոնավիրուսի տարածման պատճառով», - ասաց պաշտպանը։

Պաշտպանը նշեց նաև, որ չնայած Երևան ՔԿՀ-ում, որտեղ Նարեկ Սարգսյանն է գտնվում, կորոնավիրուսի վարակման դեպքեր չեն եղել, սակայն իրենք քննարկում են խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացնել։ 

«Առաջիկայում հնարավոր է նաև գործի քննության ժամանակ դատարանում ներկայացնենք Սարգսյանի՝ դեղորայք ստանալու հանգամանքը։ Իհարկե, նա սկզբնական շրջանում չէր ցանկանում, որպեսզի այդ հարցը բարձրացվեր, բայց հիմա դեմ չէ», - հավելեց պաշտպան Արթուր Պիվազյանը։

Տեղեկացնենք, որ Նարեկ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:

Քրգործը հարուցվել էր 2018թ.-ի հունիսի 26-ին, այնուհետև հուլիսի 6-ին նրա նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: 2019 թվականի դեկտեմբերի 21-ին Նարեկ Սարգսյանը ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ Չեխիայից Հայաստան տեղափոխվեց։

Սոնա Գրիգորյան