Աննա Դանիբեկյանի վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

դանիբեկյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վիրահատության վերաբերյալ ԲԴԽ հայտարարությունը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու հանձարարությամբ: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են դատախազությունից:

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն ուսումնասիրելով վերջին օրերին դատավոր Աննա Դանիբեկյանի անձի շուրջ որոշ լրատվամիջոցներում և համացանցում տեղ գտած մի շարք հրապարակումները, մասնավորապես՝ ս.թ. ապրիլի 9-ին «Հայելի ակումբի» կողմից հրապարակված «Աննա Դանիբեկյանը պետպատվերով ենթարկվել է քթի վիրահատության» և ապրիլի 13-ին «5-րդ ալիքի» կողմից հրապարակված ««Կարճ ասած»՝ Սևակ Հակոբյանի հետ» տեսանյութերը , գտել է, որ Աննա Դանիբեկյանի հասցեին հնչեցվել են ոչ միայն բարոյականության տեսանկյունից անընդունելի արտահայտություններ, ինչն ինքնին դատապարտելի է, այլ նաև հրապարակել են օրենքով պաշտպանված տեղեկություններ՝ բժշկական գաղտնիք հանդիսացող տեղեկատվություններ:

Այդ կապակցությամբ Բարձրագույն դատական խորհուրդը հրավիրել է  ՀՀ գլխավոր դատախազության ուշադրությունը՝ օրենքով սահմանված կարգով դրանց քրեաիրավական գնահատական տալու համար: