Ջոնսոնը դեռ չի աշխատում. վարչապետի ներկայացուցիչը պատմել է նրա առողջական վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 16, 24News

ջոնսոն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը դեռ աշխատանքի չի անցել և շարունակում է վերականգնվել: Այս մասին հայտնել է Ջոնսոնի գրասենյակի ներկայացուցիչը, փոխանցում է РиаНовости-ն:

«Կառավարության ղեկավարը գտնվում է Չեքերսի երկրամասային նստավայրում և դեռ աշխատանքի չի անցել»,- պարզաբանել է ներկայացուցիչը՝ լրագրողների հետ զրույցում:

Նշենք, որ Ջոնսոնին իր հիվանդության ընթացքում փոխարինում է ԱԳ նախարար Դոմինիկ Ռաաբը։ Նա հինգշաբթի՝ Մեծ յոթնյակի երկրների առաջնորդների հետ առցանց հանդիպման ժամանակ փոխարինել է Ջոնսոնին:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի վարչապետը մարտի 27-ին հայտարարել էր իր՝ կորոնավիրուսով վարակավածության մասին։ Այդ ժամանակից ի վեր նա ինքնամեկուսացման մեջ էր, բայց շարունակում էր աշխատել։ Ապրիլի 3-ին նա տեսաուղերձում հայտնել էր, որ իր մոտ դեռ նկատվում է բարձր ջերմաստիճան։ Ապրիլի 5-ին Ջոնսոնին տեղափոխել են հիվանդանոց՝ անհրաժեշտ անալիզներ հանձնելու համար: