Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենը հրաժարականի դիմում կգրի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 20, 24News

նիկոլ
24News-ի տեղեկությունների համաձայն՝ այսօր Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու. նա միակը չէ, ներսում վարչապետի ուղիղ եթերն ապահովող անձնակազմից ևս ազատումներ են լինելու: Պատճառը ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձի կապուղուց տեսանյութի արտահոսքն է, որը վերածվել է վարչապետին ծաղրող տեսանյութի և բուռն քննարկամների ու երևույթի քննադատության առիթ դարձել:

Հիշեցնենք՝ ապրիլի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի նախապատրաստման կադրերի օգտագործմամբ տեսահոլովակ էր պատրաստվել և տարածվել:

Ըստ Հանրային հեռուստաընկերության տարածած հայտարարության՝ տեսանյութի արտահոսք չի եղել։ Կառավարության հորդորով Հանրային հեռուստաընկերությունն ապահովել է բաց կապուղի, որից օգտվել են «Շանթ», «Արմենիա ԹիՎի», «Միր», «Հ2», «ԱՐ», «Կենտրոն», «Երկիր Մեդիա», «5-րդ ալիք» հեռուստաընկերությունները:

Ի պատասխան՝ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը հայտարարել էր, որ պրոֆեսիոնալ մոտեցումը ենթադրում է՝ մյուս հեռուստաընկերություններին բաց կապուղի պետք է հաղորդվեր եթերից վայրկյաններ առաջ:

«Այնինչ պարզվել է, որ Հանրային հեռուստաընկերությունը, առանց վարչապետի աշխատակազմին տեղյակ պահելու, առնվազն 15 րոպե առաջ բաց կապուղի է ապահովել մյուս հեռուստաընկերությունների համար»,-ասել էր Մանե Գևորգյանը։

Միջադեպին արձագանքել էր նաև ռեժիսոր Վարդան Հակոբյանը՝ նշելով, որ Մանե Գևորգյանի հետ եղել են նույն սենյակում, և որ անձամբ է տեխնիկական տեսաազդանշանից առաջ ասել՝ Rec ենք։

«Սա նշանակում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացվեր այս մասին… Ո՞վ պետք է ՀՀ վարչապետին ի պաշտոնե տեղեկացներ եթերում լինելու մասին։ Իմ պրոֆեսիոնալիզմը ինձ թույլ չի տալիս ստանձնել ուրիշի աշխատանքային պարտականությունները։ Զարմանալի է, որ տիկին Մանե Գևորգյանի պարզաբանման մեջ այս մասին խոսք չկա։ Սա գլխավոր հարցն է»,-գրել էր Վարդան Հակոբյանը: