ՄԻՊ աջակցությամբ 3 անչափահաս երեխաները վերադարձել են Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News        

ՄԻՊ

Քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը եղբոր երեք անչափահաս երեխաների (16, 14 և 10 տարեկան) տեղափոխումը Հայաստան կազմակերպելուն աջակցելու հարցով։ Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից։

Նա տեղեկացրել է, որ երեխաները գտնվում են Ռուսաստանի Դաշնության Վիբորգ քաղաքում ազգականների տանը, իսկ կարճ ժամանակով Հայաստան ժամանած երեխայի մայրը սահմանափակումների պատճառով չի կարողանում մեկնել երեխաների մոտ։

Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը հարցը քննարկել է ՌԴ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության, ՌԴ-ում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի հյուպատոսության ներկայացուցիչների հետ Վիբորգից Մոսկվա քաղաք և Մոսկվայից ապրիլի 12-ին նախատեսվող չվերթով անչափահաս երեխաներին Հայաստան ճանապարհելու հարցով։

Ավելի ուշ Սանկտ Պետերբուրգի հյուպատոսությունից կապվել են Պաշտպանի աշխատակազմի հետ և տեղեկացրել, որ հյուպատոսության ավտոմեքենայով իրենք երեխաներին կտեղափոխեն Մոսկվա, որտեղ երեխաներին կդիմավորեն ՌԴ-ում ՀՀ դեսպանության ներկայացուցիչները և կճանապարհեն Հայաստան։

Համագործակցության արդյունքում երեխաներն արդեն Հայաստանում են։